Փաստաբանն առաջարկում է բարդեցնել ամուսնալուծության ընթացակարգը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2013 թվականի առաջին եռամսյակում, ի տարբերություն ամուսնությունների, ամուսնալուծությունների թիվն աճել է` կապված ամունալուծության ընթացակարգի հետ, ասում է փաստաբան Լիաննա Բալյանը։ «Ըստ իս՝ պետությունը պետք է որոշակի աշխատանք տանի ամուսնալուծության ընթացակարգը բարդեցնելու հետ կապված: Ամուսինները պետք է ամուսնանալուց առաջ պարտադիր կնքեն ամուսնական պայմանագիր և դատական համակարգի հետ պետք է գործի հոգեբանի ինստիտուտը»,- ասում է նա։
Հոգեբանի ինստիտուտի առկայությունը Բալյանը կարևորում է, քանի որ, ըստ նրա, հոգեբանը կարող է կանխել կենցաղային խնդիրների պատճառով ամուսնալուծությունը։ Սակայն մեր երկրում ժողովրդի իրավագիտակցության մեջ դեռևս չկա հոգեբանին դիմելու ցանկությունը, նշեց փաստաբանը: Կան նաև ամուսնալուծության լուրջ պատճառներ` ամուսնական դավաճանությունը, անպտղությունը, նաեւ, եթե ամուսնական զույգերից մեկը խաղամոլ, թմրամոլ կամ ալկոհոլիկ է։
Փաստաբան Բալյանը նշեց, որ ամուսնալուծությունը վատ է անդրադառնում երեխայի վրա։ Վերջիններս այդ ընթացքում հոգեկան տրավմա են տանում։ Սակայն երբ ամեն օր զույգերը վիճում են երեխաների մոտ, ապա բարոյական քայլ է ամուսնալուծությունը, սակայն այդ դեպքում փաստաբանը ճիշտ է համարում ապահովել երեխայի շփումը ծնողների հետ։