Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը կանխատեսում է թեժ աշուն

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երկարատեւ դադարից հետո այսօր լրագրողներին հանդիպեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես ոչ մի տեղ չեմ կորել», — նախ ասաց, հետո մասնավորեցրեց` մի շարք հասարակական-քաղաքական նախաձեռնությունների է մասնակցել, շարունակում է մարզային այցերը: Հենց հանդիպման սկզբից Հովհաննիսյանը կոչ արեց այս հանդիպումը չդիտարկել ընդդիմություն-իշխանություն հարթակում, ասաց, որ փորձելու է շեշտադրել տնտեսական միտումները, մասնավորապես, գնաճը:

Սակայն հենց իր առաջին նախադասությունից հետո «Ժառանգության» առաջնորդը քաղաքական ուղղվածություն տվեց իր խոսքին: Հովհաննիսյանն ասաց, որ հիմա էլ շարունակում է մարզային այցելությունները` պատրաստվելով  «համապետական աշնան»: «Ինչ-որ բան այն չէ մեր երկրում»,- շարունակում է կարծել Հովհաննիսյանը։
Արտագաղթը, թանկացումները, սոցիալական խնդիրները, ազատամարտիկների պոռթկումները, ի վերջո` ընտրությունների արդյունքները Հովհաննիսյանին գաղափար են տվել սեպտեմբերին համախմբվել համազգային կլոր սեղանի շուրջ։

 

Ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը թվարկված ու չթվարկված խնդիրներին միայնակ լուծում տալ չեն կարող, հայտարարեց Հովհաննիսյանը: Դա է պատճառը, որ նա իրեն տեսնում է շատ այլ քաղաքական ուժերի կողքին` միեւնույն սեղանի շուրջ` տարբեր խնդիրների քննարկմամբ: Եթե նման հասարակական պահանջ չլինի, սեպտեմբերին հանրային առաջարկ կանեմ, նշեց նա: Այնուամենայնիվ՝ Հովհաննիսյանը հակված է կարծել, որ նրանք, ովքեր գիտակցում են վիճակի ծանրությունը, կնստեն այդ սեղանի շուրջ: «Ժառանգության» առաջնորդը  ժամկետեր չի նշում, սակայն ընդգծում է` իր պայքարը տեւական պայքար է: Իսկ իր քաղաքական պայքարից հիասթափվածներին ու չհիասթափվածներին ի գիտություն հայտարարեց` առաջիկայում սպասվում է ոչ թե հերթական առեղծվածային, այլ համապետական թեժ աշուն։

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է հեղափոխական աշուն, սպառողների շահերի պաշտպան Արմեն Պողոսյանին մտահոգում է թանկացումներով առատ տարեվերջը: Նա կանխատեսում է գների նորանոր բարձրացումներ ու դրանք կասեցնելու միակ ելքը տեսնում է միայն բողոքի ակցիաների միջոցով:  Սոցիալական հարցերին քաղաքական ու քաղաքացիական մոտեցում է պետք, համոզված է Պողոսյանը: Սպառողների շահերի պաշտպանը հարցադրում է անում` ինչպե՞ս է Կենտրոնական բանկը մի քանի տոկոսի թանկացում կանխատեսում, երբ թանկացումներն արդեն չափվում են մինչեւ 50 տոկոսով:

Նկատի ունենալով վաղվանից հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը` Արմեն Պողոսյանը փոխանցեց իր համոզմունքը` դա ոչ թե անհրաժեշտություն էր, այլ՝ ընդամենը գծատետերի գերշահույթին նպաստելու քայլ: Տրանսպորտի սակագների բարձրացումները կանխելու համար հարկ էր նախ այդ ոլորտում առկա ստվերը բացահայտել, հերթական անգամ հայտարարեց Արմեն Պողոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button