Տնտեսական

ՎԶԵԲ- ը 5.4 միլիոն վարկ կտրամադրի Երեւանի ջրամատակարարման բարելավման համար

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսությունում ստեղծված վիճակը, տնտեսության զարգացման հեռանկարները և մարտահրավերներն է այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ- ի նախագահ Սումա Չակրաբարտիին:

Որպես ճգնաժամից քաղած դասեր կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և բարեփոխումներին նոր թափ հաղորդելը: Տիգրան Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության վերաբերյալ: Երկուստեք կարևորվել են  ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքները: ՎԶԵԲ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող օժանդակությունն այդ գործընթացներում: Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարները ևս: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցերի շուրջ:

Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, մի կողմից, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ի դեմս բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, մյուս կողմից, ստորագրել են վարկային համաձայնագիր` Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքը բարելավելու վերաբերյալ: Ստորագրվել է նաև Ծրագրի համաձայնագիր` Երևանի քաղաքապետարանի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Երևանի քաղաքապետարանի անունից` քաղաքապետ  Տարոն Մարգարյանը, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության անունից` ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի անունից` բանկի նախագահ Սումա Չակրաբարտին:

Ըստ համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երևանի 1.1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է Երևանի ջրային համակարգի օպերատոր` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից և աջակցելու է քաղաքի ջրային ցանցի բարեկարգմանը` բարելավելով ջրի հասանելիությունը և նվազեցնելով ջրի կորուստները: Արդյունքում կվերականգնվեն ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, կփոխարինվեն ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաև տներում կտեղադրվեն նոր ջրաչափեր:

Ցուցադրել ավելի
Back to top button