ԿարևորՀասարակություն

Ս. Սարգսյան. Լավագույն բուհ- ում սովորելը և՛ իրավունք է, և՛ հնարավորություն

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Լույս» հիմնադրամի 2013-2014 թթ ուսումնական տարվա կրթաթոշակառուներին է այսօր ընդունել ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը: Շնորհավորելով կրթաթոշակառուներին` նախագահը նկատել է, որ տարեց-տարի ավելանում է հայ երիտասարդների ներկայությունը աշխարհի լավագույն բուհերում: 
Նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է որ աշխարհի լավագույն բուհերում սովորելը և՛ իրավունք է, և՛ հնարավորություն: Իրավունքը վաստակում է երիտասարդն իր գիտելիքով, իր աշխատանքով, իսկ հնարավորություններ պետք է ստեղծեն այդ երիտասարդին շրջապատող մարդիկ, հասարակությունը, պետությունը, որտեղ նա ապրում է: Յուրաքանչյուր երկրի հարստությունը, առաջին հերթին, առողջ և կրթված երիտասարդներն են, հետևաբար նախագահը հավատում է, որ «Լույսի» կրթաթոշակառուները դառնալու են լավ մասնագետներ, լավ մարդիկ, լավ հայեր, լավ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը նաև իր վստահությունն է հայտնել, որ հիմնադրամի կրթաթոշակառուները գիտելիք ձեռք բերելով՝ վաղը համալրելու են մեր պետական կառավարման համակարգը:

Հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը նկատեց, որ տարեց տարի հիմնադրամի ձեռքբերումներն էլ ավելի տեսանելի են դառնում։ Այս տարվա շրջանավարտների թիվը դեռևս հաշվարկման փուլում է: Անցյալ տարվա 75 շրջանավարտներից 40-ն աշխատում են Հայաստանում, 25-ը` շարունակում են այլ բուհերում սովորել, իսկ մյուս 10-ն աշխատում են աշխարհի հզորագույն ընկերություններում:

Այս տարի կրթաթոշակի են արժանացել ամեն բուհից առավելագույնը 10 ուսանողներ, ովքեր առաջինն են դիմել ամբողջական փաթեթով: Կրթաթոշակառուներն իրենք էլ գիտակցում են, որ իրենց հաջողություններում հիմնադրամի դերը բավականին մեծ է և հաջողությունները դեռ առջևում են։


Հանդիպման ժամանակ հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները նախագահին ներկայացրեցին «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգևորիչ հաջողությունները:

Back to top button