ԿարևորՏնտեսական

Օգոստոսի 1-ից Հայաստանում կսկսի գործել առաջին Ազատ տնտեսական գոտին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այսօրվա հերթական նիստում հաստատել է, որ Հայաստանում առաջին Ազատ տնտեսական գոտին կսկսի գործել օգոստոսի 1-ից: Այդ տարածքներում ազատ տնտեսական գործունեություն կծավալեն տարբեր ոլորտների ընկերություններ: Սա այն քայլն էր, որը ծրագրվում էր երկար տարիներ: Գործադիրն այսօր ջերմոցային տնտեսությունները զարգացնելու նպատակով հարկային արտոնություն է տրամադրել ներդրումային մի ընկերության, ապա նաեւ սահմանել պետական սահմանի անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը: Նիստի ավարտին լրագրողները հասցրել են մի քանի հարց ուղղել կառավարության շենքից դուրս շտապող Տրանսպորտի եւ կապի նախարարին: Գագիկ Բեգլարյանը չի ժխտել` տրանսպորտի սակագինը բարձրանում է: 

Տրանսպորտի սակագների բարձրացման թեման թեեւ կառավարության նիստի օրակարգում չէր, սակայն, որպես վերջին շրջանի ամենաարդի թեմա, առաջինն էր, որի շուրջ լրագրողները հարցեր ուղղեցին Տրանսպորտի եւ կապի նախարարին: Կառավարության նիստից հետո շենքից դուրս շտապող Գագիկ Բեգլարյանը նախ խուսափեց խոսել թեմայից, սակայն ի վերջո տեղի տվեց բազմաթիվ հարցերին:  Երթուղային տաքսիների ուղեվարձը Երեւանում 150 դրամ կդառնա. չժխտվեց: Վերջնական որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է: Տրանսպորտի սակագների բարձրացման դեպքում հնարավոր է արդյոք պետական աջակցություն սոցիալական խավերին ասենք սուբսիդավորման տեսքով: Նախարարը ոչինչ չի հաստատում, բայց եւ չի բացառում:  

Կառավարության քննարկման օրակարգում այսօր նաեւ Ջերմոցային տնտեսությունները զարգացնելու հարցն էր: Ջերմոցային տնտեսությունները ներդրումների համար հետաքրքիր ոլորտ են դարձել, նկատեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջին շրջանում ջերմոցների կառուցման համար անհրաժեշտ սարքերի ներկրումը 3 տարով ԱԱՀ-ից ազատելու 5 որոշումներն արդեն արդյունք են տվել: 300 միլիոն դրամը գերազանցող սարքավորումների ներկրման համար սահմանի վրա ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու հերթական որոշումը վերաբերում էր «Կագա գրուպ» ընկերությանը: Այն նպատակ ունի Կոտայքի մարզում 3 հա-ի վրա ստեղծել ջերմոցային տնտեսություն` ներդնելով 1,3 մլրդ դրամ ու ստեղծելով շուրջ 60 աշխատատեղ:

Գործադիրի այսօրվա նիստում հաստատում գտավ նաեւ տարիներով քննարկվող, սակայն նոր միայն իրականություն դառնալ հավակնող ազատ տնտեսական գոտու հարցը: Հայաստանում առաջին Ազատ տնտեսական գոտին կսկսի գործել օգոստոսի 1-ից: «ՌԱՕ ՄԱՐՍ» և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ ընկերությունների տարածքներում կստեղծեն ազատ տնտեսական գոտիներ: Այդ տարածքներում ազատ տնտեսական գործունեություն կծավալեն էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները: Այստեղ տարածքները կտրվեն վարձակալությամբ` 1քմ-ն 10 դոլար ամսավճարով:

Փայլաթիթեղ արտադրող հսկան` «Ռուսալ-Արմենալ»-ը եւս հարկային արտոնություն ստացավ: Արտադրությունն այսուհետ ավելի արդի սարքավորումներով կազմակերպելու համար խոշոր ներկրումը ժամանակավորապես ազատվեց ԱԱՀ-ից:

Հայաստանում ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագիրը կառավարության հիմնարար նախագծերից: Հիշեցնեմ` դրա ստեղծման համար անհրաժեշտ շուրջ 50 մլն դոլար ծախսերը կարվեն եռակողմ ֆինանսավորմամբ` պետություն-մասնավոր հատված-Համաշխարհային բանկ` հավասարապես: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր զեկուցեց` հավանական մասնավոր ներդրողի անունն արդեն հայտնի է` «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ»-ն արդեն նախնական ներդրումային ծրագիր է ներկայացրել 12-14 մլն դոլար արժեքով:

Արդեն հաշվարկվել է, որ հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի եւ գազի թանկացման պատճառով պետական բյուջեում ավելի քան 3 մլրդ դրամով ավելացել են ծախսերը: Կառավարությունն այսօր հաստատեց` առաջացած լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն բյուջեի հավելյալ եկամուտների հաշվին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button