Քաղաքապետարանը խստորեն կհետեւի տրանսպորտային ընկերությունների աշխատանքին


Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը այսօր մայրաքաղաքի միկրոավտոբուսային և ավտոբուսային ուղևորափոխադրումներն իրականացնող մասնավոր ընկերությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է վարորդների աշխատավարձերի բարձրացման միջոցով հնարավորին շատ վարորդներ ընդունել աշխատանքի`անհրաժեշտ պահանջարկը բավարարելու ու այդ նպատակով նաև նոր ավտոբուսներ ներկրելու համար, հայտնում են քաղաքապետարանից։
Նրա խոսքով՝ ստեղծվել է մասնագիտական խումբ, որն ամենօրյա ռեժիմով հետևելու է տրանսպորտային ընկերությունների պայմանագրերում ամրագրված սահմանված չափանիշների կատարմանը: Մասնավորապես, խիստ վերահսկվելու է տրանսպորտային միջոցների աշխատանքի պարբերականությունը հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին:
Բացի այդ՝ երթուղիներում չպետք է լինեն տեխնիկապես անսարք կամ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող փոխադրամիջոցներ: Ուղևորափոխադրող ընկերությունների առջև պահանջ է դրվել նաև հետևել վարորդների սանիտարահիգիենիկ վիճակին, պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն և ուղերթի տևողության ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը:
Ընդգծվել է, որ պարտավորությունները ոչ պատշաճ կամ թերի կատարող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ ծառայությունները ոչ լիարժեք շարունակելու դեպքում ընդհուպ մինչև կխզվեն պայմանագրերը տվյալ տրանսպորտային ընկերությունների հետ: