Հասարակություն

Ռուսաստանի օմբուդսմենն արձագանքել է ՄԻՊ- ի՝ Հրաչյա Հարությունյանի հարցով դիմումին

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի ըմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Լուկինը հայտնել է, որ գործին պատշաճ ընթացք տալու համար անհրաժեշտ է Հրաչյա Հարությունյանի ֆորմալ դիմումի առկայությունը: Նշված ֆորմալ դիմումի առկայության ապահովման նպատակով Հայաստանի Օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը Հրաչյա Հարությունյանի փաստաբանին է  փոխանցել այդ ֆորմալ դիմումի նախագիծը, որում հատկապես շեշտված են երկու խնդրահարույց հարցեր. այն է` ինչ պայմաններում ու ինչ հանգամանքների ուժով է Հրաչյա Հարությունյանը նման նվաստացուցիչ պայմաններում բերման ենթարկվել դատարան և արդյոք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը թույլ էր տալիս նրան տեղափոխելու քննչական մեկուսարան:

Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է նաև Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ և քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Ի թիվս այլ խնդիրների` Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկացել է մեկնել Մոսկվա և տեսակցել հորը` համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հրաչյա Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, ինչպես նաև թույլ կտա իրենց համոզվել, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում:

Ցուցադրել ավելի
Back to top button