Միջքաղաքային տրանսպորտը դեռ չի թանկացել


Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել, այսօր հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարարությունը։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենց իրավասության տակ գտնվում են միջմարզային և միջպետական 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիներ։
«Այս բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը։ Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի։
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- ասված է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ՝ նախարարությունը հիշեցրել է, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։