Հարությունյանը ոչ միայն իրավական, այլեւ հոգեբանական աջակցության կարիք ունի


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Պատրաստ եմ գնալ Մոսկվա եւ պաշտպանել մեր հայրենակցին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Բալոյանը: Նա համոզված է, որ Մոսկվայի մերձակայքում հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին ոչ միայն իրավական պաշտպանություն, այլ նաև բարոյահոգեբանական աջակցություն է անհրաժեշտ: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ կարծում է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղեփոխելու և դատավարությունն այստեղ իրականացնելու ուղղությամբ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն իր ցավակցությունն է հայտնում ոչ միայն հուլիսի 13-ին Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի 18 զոհերի հարազատներին, այլ նաև բոլոր այն մարդկանց հարազատներին, ովքեր Ռուսաստանում ավտովթարի զոհ են դարձել անսթափ վիճակում գտնվող վարորդների մեղավորության արդյունքում:
«Ես նայել եմ վիճակագրություն. միայն այս տարվա ընթացքում մոտավորապես 100 անգամ ավելի շատ մարդ է զոհվել այն ավտովթարների արդյուքնում, որոնց վարորդները հարբած են եղել»:
Գրիգրոյանը կարծում է, որ դեպքին անմիջապես հաջորդած օրերին ռուսական լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում խախտել են լրագրողական էթիկայի կանոնները՝ անընդհանտ շեշտելով վարորդի ազգությունն, չպահպանելով անմեղության կանխավարկածը:
Քաղաքագետը գոհ է արտգործնախարարության արձագանքից: Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, նկատենք, երեկ քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Վերջինը հավաստիացրել է, որ մեկուսարանում պատշաճ պայմաններ են: Դեսպանութայն ներկայացուցիչները հարազատներին խոստացել են առաջիկա օրերին Հարությունյանի հետ հեռախոսազրույց կազմակերպել:
Ստեփան Գրիգորյանը կցանկանար, որ բարձրացվեր հանդիպումների մակարդակը և Հրաչյա Հարությունյանին այցելեր օրինակ դեսպանը կամ փոխդեսպանը: Իսկ քաղաքագետի հիմնական առաջարակը վերաբերում է Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը կազմակերպելուն: Ըստ նրա ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև այս գործընթացը կազմակերեպելու համար անհրաժեշտ իրավական բոլոր հիմքերը կան:
«Շատ կարևոր է այդ պրոցեսը հիմա սկսել: Մինչև դատը մենք այդ հարցը պետք է Մինչև դատը վերադարձի հարցը պետք է բարձրացնել։ Ակնհայտ է , որ Ռուսաստանը քաղաքականացնում է հարցը, ուրեմն միամիտություն է սպասել, որ օբյեկտիվ դատավարություն կլինի»:
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Բալոյանը պատրաստ է մեկնել Ռուսաստան և որպես փաստաբան պաշտպանել Հրաչյա Հարությունյանին: Նրա պարզաբանմամբ ՝ հայ պաշտպաններ ներգրավելու երկու ճանապարհ կա. կամ Փաստաբանների պալատը պետք է գործուղի, կամ փաստաբանին պետք է դիմեն Հարությունյանի հարազատները.« Հրաչյա Հարությունյանին պաշտպանելու համար որևէ վարձատրություն պետք չէ, պարզապես Մոսկվայում պաշտպանություն իրականացնելու համար միջոցներ են պետք։ Բազմաթիվ մարդիկ պատրաստ են աջակցելու: Ես որևէ մեկին հրաժարվել եմ հաշվահամար տրամադրել, քանի որ նշված խնդիրը լուծված չէ»:
Վթարը պատկերող տեսանյութը վերլուծելով ՝ փաստաբանը համոզվել է, որ իր գործողություններում Հրաչյա Հարությունյանը կարողացել է ճիշտ կողմնորոշվել, ինչը վարորդի փորձառության մասին է խոսում: «Տեսանյութից հստակ երևում է, թե մեր հայրենակիցն ինչպես է կտրուկ ձախ շրջադարձ կատարում, և եթե «Կամազ» մակնիշի մեքենան ճակատ առ ճակատ բախվեր ավտոբուսին, ապա զոհերի թիվը անհամեմատ ավելի ավելի մեծ կլիենր»:
Ռուբեն Բալոյանը, ով ճանապարհատրանսպորտային պատահարների ոլորտում մասնագիտացած փաստաբան է, նկատեց, որ Հրաչյա Հարությունյանը ծանր իրավիճակում է հայտնվել և ոչ միայն իրավական, այլ նաև բարոյահոգեբանական աջակցության կարիք ունի: