ԿարևորՀասարակություն

Հայաստանում ստեղծվում է ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և  «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև այսօր ստորագրվել է  ուռուցքաբանական  ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի համաձայնագիրը։Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ի անունից` ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն էր տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին, որին հաջորդել է վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը: Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է ստեղծել ուռուցքաբանական  ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն, որտեղ հնարավոր կլինի իրականացնել ուռուցքային հիվանդությունների ախտորոշում և բուժում` միջազգային չափանիշներին համապատասխան:  Վերոնշյալ կենտրոնի կառուցման համար «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ: Կենտրոնը կունենա առնվազն 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի բնագավառում առկա ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Կենտրոնի շահագործման արդյունքում կստեղծվի շուրջ 200 նոր աշխատատեղ:

Որպես ՀՀ կառավարության կողմից ներդրում և մասնակցություն ծրագրին` նոր ընկերության կապիտալում կներդրվի հողամաս «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տարածքից` շուրջ 1 հա չափով:

Կառավարությունում վարչապետի Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է ևս մեկ համաձայնագիր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և «Մակքինզի ընդ քոմփանի» ընկերության (McKinsey & Company) միջև: Համաձայնագիրն ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «McKinsey & Company» ընկերության առաջատար արդյունաբերական ճյուղի համաշխարհային ղեկավար Անդրե Անդոնյանը:

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման ուղղությամբ: Հաշվի առնելով օդային փոխադրումների կարևոր նշանակությունը տնտեսության զարգացման, և, մասնավորապես, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման և առևտրի խթանման գործում` ընկերությունն առաջարկություններ կներկայացնի համակարգն առավել մրցունակ դարձնելու վերաբերյալ:

Back to top button