Հասարակություն

2013- ի 2- րդ եռամսյակում ԽԱՊԿ- ն արձանագրել է ԶԼՄ- ների վրա ճնշման 21 դեպք

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն  այսօր ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումների մասին 2013 թվականի երկրորդ եռամյակի զեկույցը։ Այն ներառում է Երևանի ավագանու ընտրությունների շրջանը, նկատի ունենալով, որ քաղաքական գործընթացները, ըստ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի, մեծ խոչընդոտներ են  առաջացնում։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի  կատարած դիտարկումները ցույց են տվել, որ ընտրությունների ժամանակահատվածում, երբ սրվում է իրավիճակը, ավելանում են լրագրողների և լրատվամիջոցների վրա  ճնշումները,  խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումները: Այս առումով Երևանի ավագանու ընտրությունները բացառություն չեղան:

«Այդ օրը մենք արձանագրեցինք 8 դեպք, երբ խոչընդոտվում էր լրագրողի գործունեությունը և կարծում ենք, որ արձանագրվածը ամբողջովին չի արտացոլում իրավիճակը, որովհետև շատ ժամանակ լրագրողներն իրենք են փորձում հաղթահարել այդ դժվարությունները, որոնց հանդիպում են, կամ էլ  ուղղակի չեն հրապարակայնացնում այդ խնդիրը»,- ասում է Աշոտ Մելիքյանը։
Խոչընդոտների դեպքերն այս եռամսյակում շեշտակի աճել են, նշեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ավելացրեց, որ ֆիզիկական բռնությունները, համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ,  այս եռամսյակում ավելի գերակշռել են։
Լրագրողների և լրատվամիջոցների վրա ճնշման 21 դեպք է արձանագրել  կոմիտեն: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները երեքն են և համեմատած նախորդ եռամսյակի հետ այստեղ աճ չի արձանագրվել։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ կապի և տրանսպորտի նախարարության, որը անպատասխան է թողել կոմիտեի՝ անալոգայինից թվային հեռարձակման գործընթացին անցնելու մասին տեղեկություններ տրամադրելու դիմումը։
Այնուամենայնիվ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետ չի վերցրել հայցը` փորձելով պետական մարմիններին հասկացնել աշխատել օրենքին համապատասխան  և շարունակում է  պնդել դատարանին, որ կառույցի  գործողությունը ոչ իրավաչափ է: 

Ցուցադրել ավելի
Back to top button