Սփյուռքի նախարարն ակնկալում է ԵՄ աջակցությունը


ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ակնկալում է ԵՄ աջակցությունը սիրիահայերի օգնության հարցում։ Այդ նպատակով նախարարն այսօր իր նախաձեռնությամբ հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային հետ։
Ներկայացնելով Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն մեկնարկել է և դրա վերաբերյալ ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, նշել է, որ թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար: Ծրագիրն իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ:
Հրանուշ Հակոբյանը շեշտել է, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում և համահայկական կազմակերպությունների աջակցութամբ և դիմել ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ծրագրերը, մասնավորապես բնակարանաշինության ծրագիրը ԵՄ-ի կողմից համաֆինանսավորելու խնդրանքով՝ քաղաքացիական պատերազմի հետևանքով հարկադրաբար երկրից այլ պետություններ արտագաղթած Սիրիայի քաղաքացիներին հատկացվող հսկայածավալ գումարների շրջանակներում եւ հաշվի առնելով Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում ապաստանած սիրիացիների աջակցության փորձը, որի շրջանակներում միլիոնավոր դոլարներ են հատկացվել նշված երկրներին:
Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձել է նախարարը Սիրիայում և հատկապես Հալեպում տիրող ճգնաժամային իրավիճակն է: Երկրի երբեմնի տնտեսական մայրաքաղաքը մոտ 10 օր գտնվում է շրջափակման մեջ և հոսանքազրկված է, որի հետևանքով առաջացել է սննդամթերքի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի սուր պակաս: Քաղաքի բնակիչները կարող են մատնվել սովի, ուստի վտանգված է քաղաքացիների, այդ թվում հայության ֆիզիկական գոյությունը:
Նախարարը դիմել է Տրայան Հրիսթային՝ խնդրելով բարձրացնել Հալեպի շրջափակման վերացման, երկրում կայունության հաստատման հարցերը, ինչպես նաև՝ մարդասիրական օգնությունը Սիրիայի խաղաղ բնակչությանը հասցնելու անհրաժետությունը Եվրոպական Միության անդամ երկրների և միջազգային կառույցների առջև: