Հասարակություն

Հերթական ուրարտական հետքը` Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ

Հնագետները Արցախում հերթական ուրարտական հետքն են գտել: Շուշի և Ստեփանակերտ քաղաքների միջև տարածվող սարահարթի վրա երկու տարի առաջ հայտանբերված Կարկառ ամրոց-քաղաքում այս տարի պետական հովանավորությամբ պեղումները շարունակվել են և հայտնաբերվել են նյութեր, որոնք վկայում են Վանի թագավորության հետ Կարկառի բնակիչների ունեցած կապերի մասին:

Ուրատական մշակույթի նմուշները գտնվել են Միջնաբերդի ոտքերի մոտ հայտնաբերված ուղղանկյուն հատակագծով սենյակներում: Դրանք ընդամենը նմուշներ են, ինչպես և Կարկառում հայտանբերված շատ այլ շրջաների նյութեր, և մշակութային շերտ չեն ներկայացնում:

Վանի թագավորության հետ Կարկառի և ողջ Արցախի առնչության մասին, ընդ որում ոչ միայն առևտային, վկայում է ավելի քան մեկուկես կմ երկարությամբ հնադարյան ջրանցքի առկայությունը, որ սկիզբ առնելով Շուշիի բարձունքից, զուգահեռ լեռնաբազուկներից մեկով հասնում էր Կարկառ քաղաք, անցնում ողջ քաղաքի միջով: Հիմա դրա հետքերը պահպանվել են և սարահարթի վրա և անտառում և ժայռերի մեջ:

Կարկառում արված այս հայտնագործությունները ինչ-որ տեղ նաև սպասելի էին: Զարմացնողն այս տարվա գյուտերից նույն սենյակներից մեկում հայտնաբերված բանկան կիսագունդն է, որ առանձնանում է մարդու հարթեցրած հատակին, որը նույն ապարից է: Կիսագունդը, զարմացրել է ոչ միայն տեսքով, այն կանացի կրծքի ձև ունի, այլև պարունակությամբ:

Զարմանալին այն է, որ մեր նախահայրերը կարողացել են զգալ այն, ինչ հիմա հնարավոր է հայտնաբերել ժամանակակից տեխնիկական միջոցներով:
Ի դեպ սա հայտնաբերված միակ ծիսական կառույցը չէ: Անցած տարվա պեղումների ժամանակ զրադաշտական ատրուշան է հայտնաբերվել, որը այժմ ծածկված է` պահպանման նպատակով: Ատրուշանը և այժմ պեղվող պարսպաշարքը վկայում են Կարկառի սասանյան ժամանակաշրջանի հետ ունեցած առնչությունների մասին, սակայն մյուս նյութերը, հատկապես երկաթե դարի դամբարանները հերքում են արաբական աղբյուրների այն վկայությունները, որ Կարկառը հիմնադրել ե Խոսրով Անուշիրվան արքան վեցորորդ դարում: Քաղաքն ավելի հին պատմություն ունի, սա արդեն ապացուցված է հնագիտական գտածոներով:

Ցուցադրել ավելի
Back to top button