Հասարակություն

Հարսնաքարում սպանված սպային անվամբ բարեգործական հիմնադրամը սկսել է գործել

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Այսօր լրագրողներին է հանդիպել «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրը: Գառնիկ Ավետյանը, սակայն, չի ցանկացել խոսել ոչ որդու մահվան հանգամանքների, ոչ էլ այդ գործով դատավարության մասին: Փոխարենը տեղեկացրել է` նախորդ տարվա օգոստոսից իր որդու անվամբ գործում է բարեգործական հիմնադրամ, որն առավել ակտիվորեն է սկսել աշխատել վերջին 3 ամիսներին:

Մեկ տարի առաջ ստեղծված հիմնադրամի հիմնական շահառուները զոհված ազատամարտիկների, զինվորական բժիշկների ընտանիքներն են, մանկատան երեխաները, երիտասարդ բժիշկները:
Վահեի վերջին այցը «Զատիկ» մանկատուն էր` կնոջ հետ: Մանկատանը ռազմական բժիշկը երաժշտական կենտրոն էր նվիրել:

Գառնիկ Ավետիսյանը պատմում է, որ որդու անվամբ ստեղծված հիմնադրամի միջոցներով անցած տարվա ընթացքում հիմնանորոգվել է Երեւանի Քանաքեռ-Զեյթունի թիվ 16 պոլիկլինիկայի բիոքիմիական լաբորատորիան եւ մասամբ կահավորվել:

Հիմնադրամն աջակցել է նաեւ զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքների: Ֆինանսական օգնություն է տրամադրվել մասնավոր անձանց, չորս ընտանիքների:

Բարեգործական հիմնադրամի բյուջեի հիմնական մասը գոյանում է ռուսաստանաբնակ հայերի, այդ թվում նաեւ Ռուսաստանի հայերի միության հատկացումներից: Հիմնադրամը համագործակցում է նաեւ պաշտպանության նախարարության եւ Երեւանի վարչական շրջանների հետ: Այս ընթացքում այն աջակցել է զոհված ազատամարտիկների համար հուշաքարի կանգնեցմանը: Ծրագրում է այսուհետ ավելի լայն գործունեություն ծավալել:

Հորն ինչ-որ չափով մխիթարում է որդու անվամբ գործող բարեգործական հիմնադրամի գործերը կարգավորելը: Նրա հիմնական սփոփանքն այժմ, սակայն, իր թոռներն են` Վահեի որդիները: Դժբախտ դեպքը մի կողմ թողած` պապն իր  թոռանը` Գառնիկին, ապագայում տեսնում է հենց ռազմական բժշկի հագուստով: Որդու դաժան մահվան հանգամանքներից Գառնիկ Ավետյանն այսօր չխոսեց: Չցանկացավ խոսել: Նա, ինչպես եւ ընտանիքի անդամները չեն մասնակցում մահվան առիթով հարուցված քրեական գործով դատավարությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button