Հասարակություն

Հայերը՝ Մինեսոտայում. եկեղեցին պայքարում է ուծացման դեմ

Գայանե Գասպարյան
«Ռադիոլուրի» համար
ԱՄՆ. Մինեսոտա

Աշխարհի 80-ից ավելի երկրներում գոյություն ունեցող հայկական համայնքներից խոշորագույնները Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՄՆ-ում են: Թեեւ մեր հայրենակիցները ԱՄՆ-ում կենտրոնացած են հիմնականում՝ Կալիֆորնիա նահանգում, սակայն այլ նահանգներում եւս կան հայեր:
Որոշ նահանգներում նրանց հաջողվել է համախմբվել, համայնք ստեղծել, պահպանել հայկական մշակույթն ու ինքնությունը, այլ նահանգներում՝ ոչ:
Մինեսոտա նահանգի փոքրաթիվ հայ համայնքում առաջին հայկական ընտանիքները հաստատվել են հիմնականում  Հայոց ցեղասպանությունից հետո, նրանց շարքերը հետագայում համալրել են Ադրբեջանից փախած ընտանիքները, նաեւ՝ Իրաքից ու Եգիպտոսից հեռացած հայերը:
Ցավոք՝ այս նահանգում են հաստատվել նաեւ Հայաստանից հեռացած մի խումբ երիտասարդ գիտնականներ՝ միայնակ կամ ընտանիքներով, ովքեր արմատներ են ձգել Մինեսոտայի համալսարանում եւ չեն շտապում վերադառնալ հայրենիք, որտեղ արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք չեն գտնի:

Ոսկերիչ, գորգագործ, իրավաբան, ճարտարապետ, տնտեսագետ, ֆիզիկոս, թարգմանիչ, երաժիշտ. յուրաքանչյուր հայ յուրովի է գտել իրեն այս երկրում, ու ցավով են արձանագրում, որ ստիպված են օտար հողում ընտանիք պահել, երեխա մեծացնել, ովքեր կամաց-կամաց քիչ թե շատ օտարանում են, կորցնում լեզուն ու ավանդույթները:
«Մինեսոտայի շուրջ 300-400 հայ ընտանիքներից ոչ բոլորն են, որ պահպանել են հայկական ավանդույթները, ինքնությունը, առնչություն ունեն համայնքի հետ, օտար երկիր է, ուծացման խնդիր կա: Եկեղեցու հետ ավելի սերտ շփման մեջ են շուրջ 80 ընտանիքներ»,-ասում է նահանգի Ս. Սահակ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թադեւոսը։
Հայ Առաքելական եկեղեցին Սեյնթ Պոլ քաղաքում գործում է արդեն 10 տարի, ճարտարապետությամբ հայկական չէ, հայերը գնել են այն եւ փոփոփոխել միայն ներսից՝ ավելացնելով խորան, սուրբ սեղան, սրբապատկերներ: Եկեղեցին հիմնական քահանա չի ունեցել, երբեմն պատարագ է մատուցել հարեւան նահանգի հոգեւոր հովիվը: Տեր Թադեւոսը շուրջ 8 ամիս առաջ է կարգվել Ս. Սահակ եկեղեցու հոգեւոր հովիվ եւ ձեռնամուխ եղել համայնքի համախմբմանը։
«
Փորձում ենք տարբեր միջոցներով շարժել մարդկանց հետաքրքրությունը, կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, ոմանց ՝մշակույթի միջոցով, ոմանց՝ տարբեր գաղափարների միջոցով փորձում ենք վերադարձնել արմատներին»,- ասում է Տեր Թադեւոսը։
Արդյունքն արդեն երեւում է, օրեցօր պատարագներին ավելի շատ մարդ է մասնակցում: Մինչ մեծահասակները կիրակի օրը մասնակցում են պատարագին, Քրիստինե Աֆրիկյանն ու Գայանե Մանուկյանը երեխաներին հայերեն են սովորեցնում: ՀՀ Սփյուռքի նախարարությունն էլ խոստացել է դասագրքեր տրամադրել:
Պատարագից հետո հավաքվում են եկեղեցու մեծ սրահում, եւ շփումը շարունակվում է ճաշի սեղանի շուրջ: Ամեն կիրակի ուտելիք է բերում ընտանիքներից մեկը: Այդ 80 ընտանիքների նախանձելի համախմբվածությունը դրսեւորվում է նաեւ այլ գործերում. եթե համայնքի անդամներից մեկը դժվար կացության մեջ է, միասին ձեռք են մեկնում, փորձում աջակցել՝ ով ինչպես կարող է։
«Գալիք տարի ուզում ենք ուխտագնացություն կազմակերպել Հայաստան, դա հայրենիքի հետ կապվածություն կստեղծի: Կա հայերի մի խումբ, որ ամեն տարի մեկնում է հայրենիք, բայց այդ շրջանակը պետք է մեծացնել: Կարծում եմ՝ շատերի համար դա ոգեւորիչ կլինի, եւ եթե հաջողենք, կդարձնենք ավանդական»,- ասում է Տեր Թադեւոսը։
Նահանգում գործում է նաեւ  հայկական մշակութային կազմակերպություն, կա հայկական պարի խումբ, կազմակերպվում են համերգային ծրագրեր, փառատոներ: Կազմակերպվել է նաեւ հայկական ճաշատեսակների ցուցահանդես։
«
Փորձում ենք համագործակցել մշակութային կազմակերպության հետ, եւ  առաջիկայում ավելի հաճախակի են լինելու նման միջոցառումները,- ասում է Տեր Թադեւոսը եւ հավելում,- մեր ուժերը պետք է համատեղենք, որպեսզի օտար հողում ավելի լավ արդյունքների հասնենք»:

Back to top button