ԿարևորՀասարակություն

«Խալաթային» արդարադատությունը՝ ողբերգության ֆոնին

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Մոսկվայի մերձակայքում հուլիսի 13-ին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը,  պատկան  կառույցներին ու պաշտոնյաներին խնդրում, նաեւ պահանջում է իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել հորը:
«Ցավալի դեպք է եղել, որի պատճառը հայրս է. սա բոլորս էլ գիտակցում ենք: Ցավում եմ բոլոր զոհերի  համար, անհատապես, խոնարհվում եմ նրանց առաջ, բայց նաև գիտեմ, որ  հայրս հիմա ավելի ծանր վիճակում է»,- Հրաչյա Հարությունյանի դուստրն այս ողբերգության մեջ զոհ համարում է նաև հորը: Նա համոզված է որ հայրն այս պահին  ամեն տեսակի օգնության ՝ հոգեբանականից մինչև իրավական,  կարիք ունի:
«Չի կարող հայրենիքը կյանքի գնով պաշտպանած մարդը  18 հոգու  կյանք խլել և հանգիստ ապրել: Պատկերացնում եմ այս պահին իմ հոր հոգեվիճակը ու պարզապես խնդրում եմ ՝ բարեխիղճ ու արդար լինել»։
Լիլիթը պատկան  կառույցներին ու պաշտոնյաներին խնդրում, նաեւ  նրանցից պահանջում է լիազորությունների շրջանակներում աջակցել հորը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա  այսօր պատմեց, որ հայրը բեռնատար ավտոմեքենաներ վարելու ավելի քան  քսան տարվա փորձ ունի, որևէ անգամ ավտովթարի չի ենթարկվել: Ասաց նաև , որ Հրաչյա Հարությունյանը  մի քանի ամիս առաջ էր մեկնել  ՌԴ` որդու տապանաքարի համար գումար վաստակելու նպատակով:  Հարությունյանի որդին զոհվել է  ոչ բանակում,  այլ բանակից զորացրվելուց  հետո։


Ընտանիքի անդամները տեղեկություն չունեն, թե կոնկրետ որ  ընկերությունում է աշխատել Հրաչյա Հարությունյանը, չգիտեն, թե տեղի ունեցածի ինչ վարկած է նա ներկայացրել իրավապահներին:  Դեպքի մասին նրանք  իմացել են Մոսկվայում բնակվող  իրենց բարեկամներից: Ըստ Լիլիթի՝ ոչ  ընտանիքի անդամները,  ոչ էլ Ռուսաստանում ապրող հարազատները  Հարությունյանի հետ կապվելու, նրան տեսակցելու որևէ հնարավորությոն մինչեւ այժմ չեն ունեցել։


Հայ հանրությանը ցնցեց նախ այս ողբերգությունը, ապա  այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին սարսափելի պատահարին: Երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանը դատարան բերվեց նվաստացուցիչ տեսքով։ Այս առիթով Հայաստանի օմբուդսմեն  Կարեն Անդրեասյանը երեկ դիմեց ՌԴ իր պաշտոնակցին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանությունն ապահովելու խնդրանքով։


Պաշտպանի գրասենյակի   իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանն այսօր ընդգծեց, որ Հայաստանի օմբուդսմնեը Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերման ենթարկելը  միանշանակ որպես արժանապատվության իրավունքի խախտում է դիտարկում: Կարեն Անդրեասյանը Վլադիմիր Լուկինին նաև խնդրել էր իր լիազորությունների շրջանակում գործողություններ ձեռնարկել իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ «Սա այն խնդրանքն է, որը ենթադրում է պարտավորություն: Փարիզյան սկզբունքների համաձայն՝ բոլոր օմբուդսմենների պարտավորությունն է օգնություն տրամադրել անձին  խախտված այս կամ այն իրավուքների վերականգնելու հարցում»:

Օմբուդսմենի գրասնեյակը կապ է պահապնում Հարությունյանի ռուս փաստաբանների հետ: Վերջինները, ի դեպ, պատրաստվում են բողոքարկել այն բժիշկների և իրավապաների գործողությունները, ովքեր որոշել են Հարությունյանին այդ տեսքով դատարան բերել։

Իսկ ահա տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մասրտիրոսյանը կարծում է, որ առաջին արձագանքը պետք է լիներ ոչ թե օմբուդսմենի գրասենյակից, այլ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:  Նրա դիտարկմամբ՝  նման իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացին, անկախ համգամանքից մեղավո՞ր է, թե՞ ոչ, պետք է կրի  նախ և առաջ դեսպանության աջակցությունը։ Մեր պետության ներկայացուցչյությունը, ըստ Մարտիրոսյանի, գուցեև քայլեր ձեռնարկում է, բայց դա անում է ներքին կարգով կամ «փակ ռեժիմով»:
Ինչ վերաբերում է ռուսաստանյան լրատվամիջոցների արձագանքին ու հրապարակումներին, ապա, Մարտիրոսյանի հայացքով, այստեղ ամենասարսափելին խալաթի պատմությունը չէ։
«Բ
ազմաթիվ են հրապարակումները, որտեղ նշվում է վարորդ-հայը: Սա ԶԼՄ- ները տերմինի նման են օգտագործում»:
Ըստ Մարտիրոսյանի ՝ սա Ռուսաստանին բնորոշ մոտեցումներից մեկն է.  հանցագործի կամ կասկածյալի  ազգային պատկանելիությունը օգտագործել ներքին քաղաքական հարցերի լուծման համար: Նույն մոտեցումը, նրա կածիքով , գործում է նաև այս դեպքում: «Բացահայտ առաջ է տարվում ազգության գործոնը, անգամ ոչ քաղաքացիության, այլ՝ հենց ազգության»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նույնպես կարծում է, որ ողբերգությունը օգտագործվում է հակահայ քարոզչության համար: Իշխանյանն ասում է, որ դատարանի կադրերը տեսնելով, հրապարակումներին հետևելով ՝ վիրավորվում է ոչ միայն որպես Հայաստանի, այլ նաև որպես աշխարհաքաղաքացի։ «Մենք հիշում ենք, թե չեչնական պատերազմի ժամանակ ինչ ուժեղ հակաչեչենական հիստերիա կար Ռուսաստանում: Բայց անգամ Ռուսասատնի թշնամի համարվող Ռադուևը կամ մյուսները նման նվաստացուցիչ վերաբերմունքի դատարանում չեն արժանացել: Այս դեպքում, երբ խոսքը վարորդի մասին է, որը ոչ դիտավորությամբ է մարդկանց մահվան պատճառ դարձել, քանի որ քննությունը դեռ կպարզի ՝ մեղավորությունը վարորդի՞նն է, թե  մեքնեայի անսարքությանը և մեքենան տնօրինող ընկերությանը, բայց եթե նույնիսկ վարորդը մեղավոր է, ապա դիտավորություն չկա, բայց այդպիսի վերաբերմունքը հստակ քաղաքական դիրքորոշում է և չեմ կարծում, որ իրավապահների դիրքորոշումն է»։


Դեպքը որպես զուտ  ճանապարհատրանսպորտային պատահար դիտարկելով՝ վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ հիշեցնում է, որ վտանգավոր և պատահարների հարուստ պատմություն ունեցող մերձմոսկովյան խաչմերուկում լուսացույցը տեղադրվել է ողբերգական պատահարից հետո միայն։Տեսագրությունը դիտելուց հետո ակնհայտ է, որ բեռնատարը մեծ արագությամբ է շարժվել: Այդ արագությունը, ըստ Հովհաննիսյանի, համարժեք չէ տեղանքին, ու մեծ է հավանականությունը, որ պատահարը արգելակների չգործելու հետեւանք է:  


Բոլոր հարցերի պատասխանը պիտի տա ավտոտեխնիկական համալիր փորձաքննությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button