ԿարևորՀասարակությունՏնտեսական

Սալոնիկից մինչեւ Մեղրի. Մետաքսի ճանապարհի զբոսուղին (ֆոտոշարք)

Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի, հույն և թուրք գործընկերներն այսօր ազդարարեցին անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ:

Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի ծրագիրը հայկական քաղաքակրթությունը՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մաս, խթանելու հավելյալ միջոց է: Այն հնարավորություն է տալիս հարևան երկրներին համագործակցել մշակութային ոլորտում, ինչը նպաստում է զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացմանը և դրական ազդեցություն է գործում ենթակառուցվածքների և ծառայությունների որակի վրա: Այս ծրագիրը կամրապնդի նաև Հայաստանի դիրքը՝ որպես զբոսավայր, ինչը շատ կարևոր նախապայման է Հայաստանում զբոսաշրջային զարգացման համար։

Հովհաննես Մարգարյան. Ճանապարհորդությունների հայկական բյուրոյի տնօրեն

BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի հունական Սալոնիկից մինչև հայկական Մեղրի: Ծրագիրը, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածների մշակում iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների և պլանշետների համար:

Այս ծրագիրը Վրաստանը կապում է Հայաստանի, Թուրքիայի և Հունաստանի Մետաքսի ճանապարհի զբոսուղիների հետ, ինչը կարևոր է անդրսահմանային հաղորդակցությունն ու Մետաքսի ճանապարհի երկայնքով մեկ` տարբեր մշակույթներ կրող մարդկանց անմիջական շփումներն ու փոխըմբռնումը խթանելու համար։

Սիմոն Կոփաձե. Վրաստանի «Թաձրելի» հիմնադրամի տնօրեն

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի կողմից:
Միջոցառմանը ներկա էին նաեւ  Հայաստանում ԱՄՆ, Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի և Չինաստանի դեսպանները, ԵՄ պատվիրակության ղեկավարը, մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները:

Մետաքսի ճանապարհը պատմության ընթացքում շատ կարևոր առևտրային ուղի է եղել, և պատմական այս վայրերը նպաստել են տարբեր երկրների զարգացմանը: Այսօր մենք փորձում ենք վերականգնել Մետաքսի ճանապարհի միջանցքը՝ որպես զբոսուղի և թաքնված գանձ։

Թուրքիայի Տնտեսագետների ասոցիացիայի փոխնախագաh Ֆիրատ Փոլատ

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button