ԿարևորՏնտեսական

Հարկային եկամուտների 67 տոկոսն ապահովել են խոշոր 1000 հարկատուները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/07/160713tax.mp3
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի  հարկային տեսչություն: Այցի առիթները երկուսն էին՝ նախ նախագահի մասնակցությամբ բացվել է հարկային այս տեսչության նոր շենքը, որն ապահովված է աշխատանքային բոլոր ժամանակակից պայմաններով: Հանդիպման ժամանակ նաեւ ամփոփվել են հարկային մարմինների` այս տարվա առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները: 

Այս տարվա առաջին կիսամյակում հարկային մարմիններին հաջողվել է ծրագրված եկամուտները հավաքագրել 2 տոկոսով կամ 9.5 մլրդ դրամով ավելի: Այս տարվա առաջին 6 ամսվա համար կանխատեսված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ցուցանիշր գերազանցում են 16 տոկոսով, ինչը կազմում է 141 մլրդ դրամ:
Հարկային եկամուտների միայն լրացուցիչ աճը նույնքան է, որքան 2000-ին ապահովված ողջ հարկային եկամուտները:
Առաջին կիսամյակի հարկային եկամուտներն ապահովել են գլխավորապես 477 խոշոր հարկ վճարողները. նրանք ապահովել են հարկային ընդհանուր եկամուտների կեսից ավելին: Խոշոր բիզնեսից հավաքված հարկերը եւս ավելին են, քան՝ նախորդ տարի էին:
Հարկային եկամուտների 67 տոկոսն էլ ապահովել են հանրապետության 1000 խոշոր հարկատուները: Այս ցուցանիշը գալիս է հաստատելու այն վստահեցումները, որ հարկային եկամուտները չեն ծանրանում փոքր ու միջին բիզնեսի ուսերին. նրանց, փաստորեն, բաժին է ընկնում հարկերի շուրջ 25-30 տոկոսը:
Առաջին անգամ ամփոփվել են այս տարեսկզբից ներդրված նոր` շրջանառության հարկ վճարողների մասով ցուցանիշերը: Հիշեցնեմ` շրջանառության հարկը ավելացված արժեքի հարկին եւ շահութահարկին փոխարինող ուղղակի հարկատեսակ է:
Շրջանառության հարկի դաշտում գործող շուրջ 40500 տնտեսվարողներն ապահովել են 17.2 մլրդ դրամի մուտքեր: Լուրջ են արդյունքները նաեւ թղթայինից էլեկտրոնային հաշվետվությունների անցնելու առումով: Հաշվետվություններ ներկայացնելու համար թղթային տարբերակն էլեկտրոնայինով փոխարինած տնտեսվարողների քանակը մոտ 10 տոկոսից հասել է մինչեւ 46 տոկոսի:
Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների ծրագրով որպես ռիսկային ընտրված տնտեսվարողների քանակը եւս կրճատվել է: ՊԵԿ ՏՏ վարչության պետը շեշտում է իրենց նպատակադրումը` այն է` ավելացնել ռիսկերի ու ստվերի բացահայտումը` կրճատելով ստուգումները ու հիմնվելով վերլուծությունների վրա։
ՊԵԿ-ը շարունակում է նաեւ օպտիմալացման իր ծրագրերը: Մինչ այժմ Մաշտոցի հարկային տեսչությունը գործում էր քաղաքի տարբեր հատվածներում, քանի որ Մաշտոցի եւ Մալաթիա-Սեբաստիա հարկային տեսչությունները թեև միավորվել, սական շարունակում էին տեղակայված մնալ տարբեր շենքերում:
Հարկային տեսչության նոր շենքը մեկտեղել է տեսչությունները: Հարկ վճարողների հարմարավետությունն ապահովելու նպատակով նոր` կապիտալ վերանորոգված շենքը տեղակայված է նշված երկու վարչական շրջանների միջեւ։

Back to top button