

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր մեկնարկեց Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի և Իրան-Հայաստան առևտրական պալատի Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպած Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որի շրջանակներում տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային հարաբերություններն ընդլայնելու նպատակով, Թեհրանի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Հայաստանում են Իրանից ժամանած արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 60 ընկերություններ, որոնք այսօր մասնակցեցին Երևանում մեկնարկած Իրան-Հայաստան գործարար համաժողովին: Իսկ հայկական կողմից համաժողովին ներկա են 100 ից ավելի գործարարներ: Համաժողովի բացման խոսքում Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ 2 երկրների միջև տնտեսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ, որի փոքր մասն է դեռ իրացվել:
Համաժողովի շրջանակներում իրանցի գործընկերները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի գործարար միջավայրին և փոխնախարարը հույս հայտնեց, որ ձեռք կբերվեն նոր համաձայնություններ: Ըստ Արա Պետրոսյանի` հայ-իրանական տնտեսական հարաբերություններին նոր թափ է հաղորդել 2010 թվականին ՀՀ վարչապետի այցը Թեհրան: Իրանը հանդիսանում է ՀՀ 5-րդ առևտրային գործընկերը: 2011 թվականին երկու հարևան երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 320 մլն դոլար, որի մեկ երրորդը կազմում է հայկական ապրանքների արտահանումը Իրան, իսկ երկու երրորդը` իրանական ապրանքների արտահանումը Հայաստան:
«Սա դեռ այն մակարդակը և այն ցուցիչը չէ, որ մեզ պես 2 երկրները քաղաքական և տնտեսական հիմքերի վրա դեռևս իրացրել են, սա այն թիվը չէ, մենք համոզված ենք, որ առաջիկա տարիներին մենք աշխատանք ունենք իրականացնելու այս թիվը կրկնապատկելու համար»:
2011 -ին ՀՀ-ից Իրան է արտահանվել հիմնականում հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, մոմանյութեր, սև մետաղներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ , մեխանիկական մասեր, ալյումին և դրանից պատրաստված իրեր: Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահյա Ալե-Էսհաղը իր խոսքում ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները պատմական են, և ավելացրեց, որ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար կա մեծ ներուժ:
Ըստ Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի` երկու երկների միջև ապրանքաշրջանա ռության ծավալները Հայաստանի և Իրանի համար անընդունելի են, քանի որ հսկայական ներուժը չի օգտագործվում: Հայաստանը կարևոր երկիր է Իրանի համար ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի կառուցման առումով: Քանի որ Հայաստանն ունի կլիմայական բարենպաստ պայմաններ Ալե- Էսհաղը կարծում է, որ գյուղատնտեսության ոլորտում կարելի է մեծ ներդրումներ կատարել: Երկու հարևանների համար համագործակցության լավ եզր կարող է լինել անասնապահության ոլորտը , քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության մսի սպառման ծավալները բարձր են, նշեց Ալե- Էսհաղը: Ներկա դրությամբ իրնցիները պատրաստվում են Հայաստանում բացել առևտրի կենտրոն: