Հասարակություն

Օրիգինալ դեղարտադրողների շահերը Հայաստանում պաշտպանված չեն, ասում է դեղաբանը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Դեղերի պետական գնումների ոլորտը, մասնավորապես, ինսուլինի որակն ու դեֆիցիտը առողջապահական ոլորտի ամենացցուն խնդիրներից է: «Էլայ Լիլի» ընկերության տարածքային մենեջեր Սիլվա Բարսեղյանն արձանագրել է` առողջապահության ոլորտում շատ դեպքերում բացակայում է մասնագիտական մոտեցումը: 

Նա հարց է բարձրացնում` ինչու է պետությունը գերադասում գնել կիսասինթետիկ ինսուլին ավելի թանկ գնով, եթե կա ավելի էժան եւ որակյալ առաջարկ:
Բանախոսի մտահոգությունը հենց սա է. որն է պատճառը, որ պետությունը գնում է միջոցների փոշիացման` մի կողմ թողնելով առաջադեմ աշխարհի մոտեցումները։
«Ոչ մի երկրում ինսուլինը սրվակով չեն ստանում և ներարկիչով չեն ներարկում: Վաղուց արդեն կիրառվում են գրիչ- քարտրիջներ, որոնք ավելի մատչելի են, դիաբետիկը կարող է դա իր  մոտ պահել  և դրանով  ինսուլին ստանալ, նաև ինսուլինը իր հետ տեղաշարժել»,- ասում է նա։
Անձամբ ինքն ու իր ներկայացրած կազմակերպությունն առողջապահության նախարարին մի քանի անգամ առաջարկել ու հորդորել են` դեղերը ձեռք բերել հենց արտադրողից, որ առավելագույնս էժան հասնեն դրանք հայ սպառողին:
Հարցերը կան, պատասխանները՝ դեռ ոչ: Ըստ Սիլվա Բարսեղյանի՝ պետական գնումների ցանկից բրենդային դեղը բաց է թողնվում, քանի որ այն ավելի թանկ է, քան՝ ոչ բրենդային արտադրանքը: Արդյունքում՝ ոչ բրենդային դեղամիջոցների մատակարարումից հսկայական գերշահույթ են ստանում մատակարար տեղական ՍՊԸ-ները:
Դեղի նախահաշվարկային գինն էլ Հայաստանում  որոշվում է  ոչ ճիշտ կարգով` բրենդային  դեղի գնի արժեքին գումարում է ոչ բրենդային դեղի  արժեքը, բաժանվում է երկուսի և ստացվում է միջին արժեքը:
Սիլվա Բարսեղյանին անհանգստացնում է , որ դեղերի պետական գնումների ժամանակ խախտվում են մասնագիտական մոտեցման նորմերը։
Միայն 2014 թվականի համար նախատեսված սրվակների քանակով կարող ենք 36 միլիոն դրամ տնտեսել, հաշվարկել է Սիլվա Բարսեղյանը` վստահեցնելով` տնտեսած գումարների հաշվին հանրապետության 300 ինսուլինկախյալ երեխաների մատակարարումն առավել որակյալ կլինի:
Ի դեպ՝ բանախոսը չբացառեց, որ շուտով իրենց ընկերության տարածաշրջանային գրասենյակը Երեւանից կտեղափոխեն Թբիլիսի, քանի որ «օրիգինալ դեղարտադրողների շահերը Հայաստանում պաշտպանված չեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button