ԿարևորՄշակույթ

Վարդան Պետրոսյանի «Ամեն երկուշաբթին» արծարծելու է ցանկացած թեմա` բացի քաղաքականությունից

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Ամեն երկուշաբթի». հուլիսի 29-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ամեն երկուշաբթի կինոյի և թատրոնի դերասան Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին կներկայացնի իր ներկայացումների նոր շարքը: Խոսելով «ամեն երկուշաբթի» ներկայացումների շարքի մասին, դերասանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այն լինելու է յուրօրինակ զրույց հանդիսատեսի հետ: Ներկայացումն արծարծելու է ցանկացած թեմա բացի քաղաքականությունից: Բեմադրիչն այս անգամ իր ներկայացումների համար ընտրել է քաղաքականություն առանց քաղաքականության:

Հուլիսի 29-ից ամեն երկուշաբթի կինոյի և թատրոնի դերասան Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին կներկայացնի իր ներկայացումների նոր շարքը, որը հենց այդպես էլ անվանել է «ամեն երկուշաբթի»: Ինչպես խոստովանեց, բավականին երկար է մտածել, թե ինչ վերնագիր ընտրի իր նոր ներկայացման համար, նաև հայտնեց, որ երկար փնտրված և հանկարծակի ընտրված վերնագիրը երկար պատմություն ունի, ինչի մասին Վարդան Պետրոսյանը կպատմի նաև ներկայացման ընթացքում:

«Իմ բախտն ինձ հետ է: Ընդհանրապես երկուշաբթին թատրոնի օր չէ և ես տասնյակ տարիներ երկուշաբթի օրը խաղացել եմ բեմում: Դա դարձավ ինձ համար շատ սովորական մի բան և ես սկսեցի շատ սիրել երկուշաբթին: Եվ ես հասկացա, որ երկուշաբթին շատ լավ օր է: Չէ որ դա էլ Աստծո օրն է ի վերջո: Հետո ես ուշադրություն դարձրի և տեսա, որ երկուշաբթին նոր բան սկսելու 1-ին օրն է: Ոչ ոք ծխելը չի թողնում շաբաթ-կիրակի: Խմելը ոչ ոք չի թողնում շաբաթ կիրակի: Կանայք դիետաները սկսում են երկուշաբթի: Տղաներն առավոտ շուտ վազելը սկսում են երկուշաբթի: Ինչու չենք սիրում այդ օրը: Ամենաբարդ գործերը հանձնել ենք երկուշաբթի օրվան: Սա արդեն հատված էր ներկայացումից…»:

Վարդան Պետրոսյանն ամեն երկուշաբթի հանդիսատեսի համար ոչ թե ներկայացում է խաղալու, այլ պարզապես զրուցելու է նրա հետ. Զրուցելու առօրյա հոգսերի և հանդիսատեսին հուզող կարևոր հարցերի շուրջ: Մտահղացումն ինքնի հետաքրքիր է, բայց դերասանը երկար է մտածել, թե ինչ է խաղալու և ինչ ներկայացնելու, վերջապես որոշել է` լինելու է երաժշտական ներկայացում, որն ամեն անգամ նորովի է ներկայացվելու:

«Այնպես եմ կառուցել ներկայացումը, որ կարող եմ նոր համար դնել, հին համար դնել, հյուր հրավիրել, քանի որ ներկայացման վերնագիրը թույլատրում է ամեն երկուշաբթի բեմադրեմ այնպես ինչպես կցանկանամ, ինչպես կստացվի: Կարևորը, որ կայանա այն մտերմիկ զրույցը հանդիսատեսի հետ, այն ներքին կապը, որն ինձ համար միշտ կոչվել է թատրոն»:

Ի դեպ, հեղինակն այս անգամ որոշել է խոսել ցանկացած թեմայի շուրջ, բացի քաղաքականությունից: Վարդան Պետրոսյանն այս անգամ իր ներկայացումների համար ընտրել է քաղաքականություն առանց քաղաքականության:
«Այսօր մարդիկ քաղաքականությունից այնքան են հոգնել, որ երբեմն նրանք չեն ուզում քաղաքական ինչ որ առաջնորդի կամ դեմքի անունն անգամ լսել»:

Վարդան Պետրոսյանը վստահ է` իր ներկայացումը կհետաքրքրի բոլորին, իր հանդիսատեսը գոհ կմնա: Մեծ սիրով «Երկուշաբթին» կներկայացներ նաև երեքշաբթի օրերին, սակայն չի կարծում, որ այդքան հանդիսատես կգա:
«Հանդիսատեսի հեղեղը սովորաբար երկուշաբթի և երեքշաբթի ավելանում է, բայց մենք դրան արդեն կարող ենք չսպասել, որովհետև արտագաղթն այնպիսի թափով է գնում առաջ, որ նույնիսկ հանդիսատեսն է սկսում քչանալ: Եվ ես կարծում եմ, որ այսօրվա նույնիսկ այն թատերախմբերը, որոնք լավ միաստով մի քիչ «լկստվել են և երես են առել» հանդիսատեսի առատությունից, ժամանակն է, որ նրանք էլ արդեն ճաշակեն կիսադատարկ դահլիճների քաղցրությունը»:
Ինքն անձամբ կիսադատարկ դահլիճներից չի նեղվում, վստահ է` կարևորը քանակը չէ: Վարդան Պետրոսյանն իրեն ամենաերջանիկ արտիստներից մեկն է համարում, քանի որ իր ներկայացումները դիտում են բոլորը և որ ամենակարևորն է հանդիսատեսը սպասում է այդ ներկայացումներին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button