ՀասարակությունՏնտեսական

Սպառողների ասոցիացիայի նախագահը գազի նոր սակագինը անհիմն հաշվարկների արդյունք է համարում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այս ամիս սկիզբ առած շղթայական գնաճը կունենա աղետալի հետևանքներ, համոզված է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը տեղի ունեցավ առանց լայն հասարակական քննարկումների և հաստատված նոր սակագները անհիմն հաշվարկների արդյունք են։
Սակագների վերանայման հարցում շտապողականություն է ցուցաբերել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` օրենքով հաստատված մինչև 90-օրյա ժամկետը սպառելով 20 օրում, նկատեց բանախոսը:
Թափ առնող գնաճային ձյունակույտը արդյունքում սպառնում է բնակչության մինչև 90 տոկոսին, ով գտնվում է ծայրահեղ ծանր սոցիակական վիճակում։
Արմեն Պողոսյանը հայտնեց լրագրողներին, որ իր մտահոգությունների մասին գրել է երկրի նախագահին, սակայն նամակը անպատասխան է մնացել: Թանկացումների արդյունքում՝ տուժում է ոչ միայն բնակչությունը, այլ նաև տնտեսությունը, նկատեց նա:

Գների թանկացման վերջը չի երևում, հայտարարեց սպառողների ասոցիացիայի նախագահը: Մոտ օրերս կունենանք ևս մեկ առիթ գոտիները էլ ավելի ձիգ կապելու համար՝ նկատի ունենալով տրանսպորտի 50 տոկոսով թանկացումը։
Հնարավոր է, բայց քիչ հավանական, որ այս թանկացումները հանգեցնեն զանգվածային դժգոհությունների, նշեց Արմեն Պողոսյանը, միևնույն ժամանակ անթույլատրելի համարելով համակերպումը ստեղծված իրավիճակի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button