ԿարևորՀասարակություն

Ուռուցքաբանության կենտրոնը կսկսի գործել հաջորդ տարվանից

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանում մեկնարկել են Ռադիոիզոտոպերի արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման բաժանմունքի շինարարական աշխատանքները: Սա Հայաստանում ուռուցքաբանության գերազանցության  կենտրոնի կառուցման փուլերից մեկն է: Այսօր կենտրոնի շինհրապարակ էր այցելել հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով  ի պաշտոնե նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձություների խորհրդի նախագահն է:
Հայաստանում կառուցվող ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը տարածաշրջանում լինելու է եզակի։ Ծագրվում է քաղցկեղի բուժմանկ կենտրոնի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել արդեն այս տարվա նոյեմբերին` հենց այդ ժամանակ տեղադրելով նաեւ քաղցկեղի ախտորոշման, բուժման համար անհրաժեշտ սարքավորումները, նախ` ռադիոիզոտոպների արտադրության համար նախատեսված ցիկլոտրոնը, որը կներկրվի Բելգիայից, ապա` ոադիոիզոտոպների արտադրության հիման վրա ռադիոդեղագործարանի համար անհրաժեշտ սարքավորումները, որոնք կբերվեն Իտալիայից:  Մոլեկուլյար ախտորոշման համար անհրաժեշտ սարքավորումներն էլ կներկրվեն Նիդերլանդներից:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 50 մլն դոլար է: Ծախսերը կարվեն եռակողմ ֆինանսավորմամբ` պետություն-մասնավոր հատված-Համաշխարհային բանկ` հավասարապես: Ովքեր են են լինելու մասնավոր ներդրողները. ծրագրի պատասխանատուները հայտարարել չեն շտապում:
Կենտրոնը պետական չի լինելու, սակայն պետության ուշադրության կենտրոնում է լինելու: Հենց պետական կառույցներն էլ այսօր քննարկում են սոցիալապես առավել անապահով խավի համար քաղցկեղի բուժման  բացառիկ կարեւորության ծառայությունները մատչելի դարձնելու հարցերը:
Առայժմ հստակ չէ, թե ինչպես, սակայն քննարկվում է երկու հիմնական տարբերակ` պետպատվերի կամ համավճարի կիրառում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը վաղ է համարում նաեւ հստակեցնել, թե որքան կարժենան այդ ծառայությունները գոնե մեր երկրի քաղաքացիների համար, սակայն փոխանցում է մեկ հիմնական գաղափար, որը դրված է ծրագրի հիմքում։
«Ծառայությունները Հայաստանի սոցիալական խավերի համար կլինեն մատչելի»,- ասում է։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենին աշխատանքների ներկա ընթացքը թույլ է տալիս հայտարարել, որ ուռուցքաբանության կենտրոնն իր առաջին ծառայությունները կմատուցի արդեն եկող տարեսկզբին:
Առաջին փուլում մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումը թույլ կտա ռադիոիզոտոպերի արտադրության միջոցով քաղցկեղի առկայությունը որոշել դեռ այն փուլում, երբ այն զարգացել է ընդամենը մոլեկուլյար մակարդակով:
Երկրորդ փուլում կկառուցվի ճառագայթային թերապիայի կենտրոն` ճառագայթային բուժման հնարավորություններով:
Ծրագրի երրորդ փուլում ծրագրվում է վիրաբուժության կենտրոնի կառուցում: Այստեղ կիրականացվի ճառագայթային եւ ավանդական վիրաբուժություն, քիմիոթերապիա, պլաստիկ եւ թսթետիկ վերականգնողական վիրաբուժություն։
Ի դեպ` պակաս կարեւոր չէ նաեւ այս ծրագրի կետերից եւս մեկը` դա հոգեբանական օժանդակությունն է հիվանդներին` օգնելու վերագտնել կյանքի հույսը եւ կառավարել սթրեսները: Հայաստանում վերջին տարիներին աճել է քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը` հասնելով շուրջ 8000-ի: Մահացություննը թեեւ կրճատվել է, սակայն, միեւնույն է, մահերն այս հիվանդության հետեւանքով լուրջ թվեր են կազմում:
Ակնկալվում է, որ եզակի այս ծրագրի իրականացման արդյունքում հիվանդներն արդեն իրենց փրկությունը չեն փնտրի արտասահմանյան երկրներում։

Ցուցադրել ավելի
Back to top button