ԿարևորՔաղաքական

Ուկրաինական նախագահությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին

 «Հայաստանը և Ուկրաինան բարեկամության դարավոր ավանդույթներ ունեն և այսօր էլ հենց այդ հիմքի վրա կառուցում են միջպետական հարաբերությունները։ Կան բոլոր նախադրյալները նոր որակ հաղորդելու տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր ընդունելով Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարային։
Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ մեր երկիրն «աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ուկրաինայի նախագահությանը և պատրաստ ենք մեր նպաստը բերելու ուկրաինական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, կնպաստենք ուկրաինական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության և կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»։
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ, մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերի, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվող բարեփոխումների շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
«Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին և մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտացոլված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում 2009 թ.՝ լ’Աքվիլայում, 2010 թ.՝ Մուսկոկայում և 2011թ.՝ Դովիլում, 2012թ.՝ Լոս Կաբոսում, 2013թ.՝ Էնիսկիլենում»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը։
Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ ուկրաինական նախագահությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում՝ բանակցությունների ընթացքում, քննարկվել են ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցությանն առնչվող հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button