Վերլուծական

Ղարաբաղյան բանակցային գործընթացը փակուղում է, ասում են վերլուծաբանները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Կովկաս ինստիտուիտի տնօրենը վերջերս է վերադարձել Քիշնևից: Ու քանի որ այցն   անմիջապես հաջորդել է Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Գրիգորիու Աուրելիայի սկանդայալին հայտարարությանը՝ արված Հայաստանի խորհրդարանում, մոլդովացիների հետ զրույցներում թեման չի շրջանցվել:
Իսկանդարյանի մոլդովացի գործընկերների մի մասը խոստովանել է, որ Գրիգորիու Աուրելիային ճանաչել է այդ միջադեպից հետո։ Արված հայտարարությունը դատապարտել են բոլորը՝ թե իշխանական, թե ոչ իշխանական ճամբարներից:  Իսկ բուն միջադեպն ինքը ՝ քաղաքագետը, մի բաժակ ջրում փոթորիկ է համարում։
«Միջադեպը նման ռեզոնանս առաջացրեց միայն այն պատճառով, որ տեղի ունեցավ Երևանում: Նման հայտարարություններ արվում են  շատ հաճախ, ամենատարբեր ամբիոններից, հասկանալի պատճառներով»։
Իսկ քաղաքագետի բուն ասելիքը վիլնյուսյան գագաթնաժողովին և Եվրամիության հետ Հայաստանի ստորագրելիք ասոցացման համաձայնագրին էր վերաբերում:
Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի նախապատրաստական քայլերը դրական է գնահատում, կարծում է , որ համաձայնագիրը ամենայն հավանականությամբ նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրվի, նաև ընդգծում է, որ նախաստորագրմամբ  ճանապարհը ոչ թե ավարտվում, այլ՝ ընդամենը սկսվում է։
Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր կրկնեց իր ավելի վաղ  հնչեցրած այն կարծիքը, որ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման և Մաքսային միության հետ համագործակցելու հեռանկարի միջև հակադրություն չի տեսնում կամ  առայժմ չի տեսնում:
Ըստ վերլուծաբանի՝ Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրոպակա՞ն,  թե՞  Մաքսային միության երկընտրանքի առջև: Նման ընտրություն գոյություն չունի, քանի որ Հայաստանն այս պահին հեռանկար չունի անդամակցելու ոչ Եվրոպական Միությանը, ոչ էլ՝ Մաքսային միությանը, փոխարենն ունի հեռանկար երկու կառույցների հետ համագործակցության ձևաչափեր գտնելու, ինչն էլ փորձում է իրականացնել։
«Հայաստանում միշտ է Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան  հարցը արդիական եղել: Հիմա էլ նույն հարցադրումն է՝ չե՞ն խանգարում իրար արդյոք երկու գործընթացները : Ոչ, չեն խանգարում, թեկուզ և միայն այն պատճառով, որ ոչ Եվրամիություն, և ոչ էլ Մաքսային միություն մեզ դեռ ոչ ոք չի հրավիրում»։
Նույն երկընտրանքի մասին խոսելով՝ քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը մեկ այլ դիտարկում է անում: Հայաստանի դեպի Արևմուտք, թե դեպի Ռուսասան կողմնորոշման հարցը,   ըստ նրա, տեղափոխվել է  հայ և ռուս փորձագետների բանավեճի հարթություն, և հարցին ռուս վերլուծաբանների մի մասի արձագանքը, ըստ նրա , հուզական հարթությունում է և իրական քաղաքականության հետ լուրջ առնչություն չունեն։
«Ռուս փորձագետներին կարելի է հասկանալ, որովհետև նրանց մեծ մասը եղել են Հայաստանի դիրքերից հանդես եկող քաղաքագետներ և այսօր պատասխանատվության զգացում ունեն, թե ինչպես ստացվեց, որ իրենց հովանավորյալ երկիրը սկսեց հավասարաչափ հարաբերություններ զարգացնել և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ»։
Ինչ վերաբերում է մյուս կողմին ՝ Եվրամիությանը, ապա այն, ըստ Մելիք- Շահնազարյանի, պաշտոնական մակարդակով շատ ավելի  փափուկ դիրքերից է հանդես գալիս, որևէ  պարտադրանք չի դնում, ընտրություն անելու հարց  չի առաջադրում: Սա, ըստ վերլուծաբանի, հայկական դիվանագիտությանը  ճկուն  լինելու հնարավորություն է տալիս։
«Եթե օգտագործենք այս մրցակցային վիճակը և ըստ էության մինչև վերջ չպարզաբանված իրավիճակը թե Եվրամիության, թե Եվրասիական միության հետ կապված, ապա կարող ենք բավականին հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալ, որը կբերի հարաբերությունների մտերմացմանը երկու կողմերի հետ»:
Վերլուծաբանն անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին գործընթացներին։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, ըստ նրա, միայն փոքր հույս տվեց, որ երկու երկրների նախագահների հանդիպումը մինչև տարեվերջ հնարավոր է:
Մինսկի խմբի շրջանակներում ընթացող զարգացումները, Մելիք- Շահնազարյանի դիտարկմամբ,   փաստում են, որ բանակցային գործընթացը փակուղային իրավիճակում է: Իսկ հանգամանքը, որ համանախագահների վերջին հայտարարության մեջ որևէ հիշատակում չկար Մադրիդյան սկզբունքների մասին, նշանակում է, որ տապալված են նաև կարգավորման այդ սկզբունքները։
Բանակցային գործընթացը նոր տրամաբանության ու առաջարակների կարիք ունի, մինչ այդ, սակայն,   օրակարգային հիմնական հարցը վստահության մթոնլորտի վերականգնումն   է, որը խաթարվել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button