ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանությունը եղել է հրեական Հոլոքոստի նախերգանքը. իսրայելցի պատմաբանի գրքում է ներկայացված

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի գրողների միության հրավերով Հայաստանում է իսրայելցի գրող Յաիր Աուրոն և Իսրայելի Կնեսեթի նախկին պատգամավոր Յաիր Ցաբանը:  Իսրայելցի պատմաբանը հայոց ցեղասպանությունը և հրեական Հոլաքոստը համադրող «Անընդունելի անտարբերություն» գրքում Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ խոսում է Մեծ եղեռնի մասին: Գրքում ներկայացված է նաև, որ Հայոց ցեղասպանությունը եղել է նախերգանքը հրեական Հոլոքոստի: Ցեղասպանագետ Աուրոն գրքում իր վրդովմունքն է հայտնում իսրայելական իշխանությունների վարքագծի նկատմամբ: Չի կարելի տարփողել սեփական ողբերգությունն ու մոռանալ այլ ազգերի նմանատիրպ ցավը, ասել է գրքի հեղինակը: Գրքի նախաբանը գրել է Զորի Բալայանը: Գրքի հայերեն հրատարակությունը իրականացրել է մոսկվաբնակ գործարար Կարեն Բաղդասարովը:

«Չճանաչելով, չքննարկելով այլազգերի ցեղասպանությունը, մենք նվաստացնում ենք նաև Հոլոքոստը: Մենք պարտավոր ենք հարգելու նաև այլ ժողովուրդեների հիշողությունը, պարտավոր ենք խորհրդարանական մակարդակով առաջ տանել Հայոց ցեղասպանության քննարկումը»: Այս բանաձևով է առաջնորդվել իսրայելցի գիտնական Յաիր Աուրոն` գրելով հայոց ցեղասպանությունը և հրեականա Հոլոքոստը համադրող «Անընդունելի անտարբերություն» գիրքը: Ծավալուն արխիվային հետազոտությունների վրա հիմնվելով` գիտնականը վերլուծում է անցած դարասկզբին պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ:

«Այս գրքով ես ուզում եմ ներկայացնել և պայքարել իսրայելական պաշտոնական կեցվածքի դեմ, որը մինչև հիմա Իսրայելը որդեգրել է և այն մեզ համար ընդունելի չէ»:

Այս կեցվածքի փոփոխության դեմ, ըստ գրքի հեղինակի, աշխատել են և արդեն փոփոխություններ են գրանցվել իսրայելական դիվանագիտության մեջ, պատմաբանը հավելում է, որ արդեն 8-րդ տարին է, ինչ Կնեսեթում քննարկվում է հայոց ցեղասպանության հարցը, և սա արդեն մեծ ձեռքբերում է, քանի որ մինչ այդ Կնեսեթն անընդհատ մերժել է հարցն օրակարգ ընդգրկելը:

«Երբ Կնեսեթում սկսվեց քննարկումը, պատգամավորներից ոչ մեկը դեմ չքվեարկեց հայոց ցեղասպանության հարցի քննարկման համար: չնայած, որ Իսրայելը շատ հեռու է հայոց ցեղասպանության ճանաչումից, բայց այն, որ դեմ չի քվեարկել հարցի քննարկման համար մեծ առաջընթաց է: Մենք պայքարում ենք կառավարության կեցվածքի դեմ, որը բարոյական չէ»:

Իսրայելը մեր անցյալի պատճառով իրավունք չունի ուրանալ հայոց ցեղասպանությունը, ասում է Աուրոն , իսկ Կնեսեթի նախկին պատգամավոր Յաիր Ցաբանը ընդգծում, որ Իսրայելը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը` ելնելով Թուրքիայի հետ կապված դիվանագիտական նկատառումներից, որոնք ռազմական և տնտեսական շահեր են հետապնդում:

«Ես արդեն 24 տարի է պայքարում եմ. որպեսզի Իսրայելը չշարունակի ուրանալ հայոց ցեղասպանությունը: Առաջին նախարարն եմ եղել, ով նառաջինն է այցելել Երուսաղեմի պատրիարքարան և մասնակցել Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառումներին»:

Գրքում խոսվում է նաև ցեղասպանության տարիներին հայերի և հրեաների հետ կապի մասին: Գիրքը գրվել է եբրայերեն, սակայն հետագայում այն թարգնավել է ռուսերեն, անգլերեն: Իսկ այժմ գիրքն արդեն հասանելի է հայ ընթերցողին, այն թարգմանվել է հայերեն: Տեղեկացնենք, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Back to top button