ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանրապետության նախագահը Ֆրանսիայի ազգային տոնի` հուլիսի 14-ի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ուղերձում մասնավորապես ասված է.

Մեծարգո պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` հուլիսի 14-ի առթիվ:

Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական և միջազգային կառույցների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, տարբեր ոլորտներում հաստատված դինամիկ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ամուր փոխգործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ առավել կամրապնդվեն:

Վերստին շնորհակալություն եմ հայտնում այն հետևողական ջանքերի համար, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման: Ս. թ. հունիսի 18-ին Էնիսկիլենում Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունն այդ կարևոր ջանքերի ևս մեկ արտահայտությունն է:
Մեծարգո պարոն Նախագահ,

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա նոյեմբերին մեր հանդիպումը Փարիզում և սիրով սպասում եմ Ձեզ՝ պետական այցով հյուրընկալելու Հայաստանում, համոզված լինելով, որ այն նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը և մեր ժողովուրդների բարեկամության խորացմանը:

Կրկին շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեզ հաջողություններ, իսկ ֆրանսիացի ժողովրդին` բարօրություն: Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

Ցուցադրել ավելի
Back to top button