Հասարակություն

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին

ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման և աշխատանքների կազմակերպման շրջանակներում 2013թ. հուլիսի 7-ից 13-ը Հայաստանի Հանրապետությունում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Այցի ընթացքում հուլիսի 9-ին խորհրդատվական խմբի անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՌՎ նոր շրջափուլի կազմակերպման հարցում ՀՀ ՊՆ մոտեցումներն ու տեսլականը, հիմնական շեշտը դնելով վերանայման փուլերի, մեթոդաբանության և գործելակերպի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտության վրա:

Նշվել է, որ ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում միջազգային գործընկերների տրամադրած խորհրդատվությունը ունեցել է լուրջ դերակատարություն վերջնական պլանավորման փաստաթղթերի մշակման գործում: Միջազգային խորհրդատվական խմբի անդամները, ընդգծելով ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում կատարված համատեղ աշխատանքների արդյունավետությունը, հույս են հայտնել, որ փոխգործակցության նույնանման մակարդակ կարձանագրվի նաև առաջիկա աշխատանքների ընթացքում:

Հուլիսի 12-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Հանդիպման ընթացքում խորհրդատվական խմբի անդամները ներկայացրել են նախորդ օրերին կատարված աշխատանքների արդյունքները` պաշտպանության նախարարի դիտարկմանը հանձնելով ՊՌՎ կազմակերպման ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը՝ միջոցառումների կատարման պլան ժամանակացույցով:

Շնորհակալություն հայտնելով խորհրդատվական խմբին ցուցաբերած եռանդուն աջակցության համար, պաշտպանության նախարարը նշել է, որ ՊՌՎ-ն, հանդիսանալով պաշտպանության միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, ձեռք է բերել պարբերական բնույթ: Նախարարն իր վստահությունն է հայտնել, որ համատեղ ջանքերով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացը կիրականացվի բարձր արդյունավետությամբ, որի արդյունքում կունենանք «ՀՀ զինված ուժեր — 2020» տեսլականը:

Ցուցադրել ավելի
Back to top button