Կարևոր

Պաշտոնական Անկարան արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի օրեր առաջ արած այն հայտարարությանը

Պաշտոնական Անկարան արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, թե «որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»:

«Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը, սակայն, հակասում է այնպիսի միջազգային կազմակերպությունների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն: Բոլորը պետք է հասկանան՝ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»,-նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության խնդրին անդրադարձել էր հուլիսի 5-ին, մայրաքաղաք Երևանում, «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ: Հայ պաշտոնյան, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական կողմին, մասնավորապես հայտարարել էր, որ փոխհատուցման հարցն անվիճելի է: «Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը: Զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը՝ այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին»,-նշել էր Աղվան Հովսեփյանը:

 

Back to top button