ԿարևորՄշակույթ

Հոլանդական «Հերոինն» ու իրանական «Փարվիզը»` Ոսկե ծիրանում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այս օրերին մեր մայրաքաղաքը հյուրընկալել է կինոգործիչների աշխարհի տարբեր երկրներից: Հայ արվեստասերները հնարավորություն ունեն ոչ միայն դիտելու գեղեցիկ ու ուշագրավ ֆիլմեր, այլև ծանոթանալու դրանց հեղինակների հետ: Լրագրողների հետ այսօր հանդիպել են հոլանդական «Հերոին» ֆիլմի ռեժիսոր Ռենե Հաուվենի և իրանական «Փարվիզ» ֆիլմի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի և գլխավոր դերակատար Լևոն Հավթվանի հետ: Վերջինն ի դեպ, մեր հայրենակիցն է:

Գրոնինգեն, Նիդեռլանդներ: Յոսն արթնանում է անօթևանների կացարանում: Հիվանդ է թե ոչ` Յոսը ստիպված է հեռանալ, ինչպես ամեն օր: Կացարանը կբացվի 12 ժամից: Դիսի ցիտի 12 ժամ դիմանալը հեշտ չէ: Բայց այս օրն ուրիշ է: Յոսը ծրագիր ունի. Մտադիր է իրականացնել որոշածը: Նա որոշել է այսօրվանից փոխվել. Այլևս չի խմի, չի ծխի, կոկաին, հերոին կամ այլ թմրանյութ չի օգտագործի: Այլևս երբեք: Յոսը, իրոք, ուզում է փոխվել: Այսօր նա իր բոլոր վատ սովորությոթները կթողնի: Այսօր այդ օրն է …կամ, լավ, գուցե վաղը:

Սա հոլանդացի ռեժիսոր Ռենե Հաուվենի «Հերոին» ֆիլմի սյուժեն է, ֆիլմի հիմքում ռեժիսորի հարազատ եղբոր պատմությունն է. «Այս ֆիլմը նկարելու հիմնական պատճառը եղբայրս էր, որ 30 տարի առաջ մահացավ թմրանյութի օգտագործման չարաշահումից: Նրա ողջ կյանքի պատմությունը ներկայացնելը անիմաստ էր: Այս ֆիլմը նրա կյանքի ընդամենը մեկ օրն է, ինչը կարծում եմ, բավարար է ներկայացնելու այն տառապանքը, որի միջով նա անցել է: Ֆիլմը նկարահանել են չափազանց փոքր բյուջեով և ընդամենը երեք ամիսների ընթացքում: Շատերը հարցնում են` եթե ավելի շատ գումար ու ժամանակ ունենայի, արդյոք ֆիլմն ուրիշ տեսակ կլիներ: Ես կարծում եմ` ոչ, այն կլիներ նույնը»:

Ռենե Հաուվենը 30 տարի աշխատել է երաժշտության ասպարեզում: 2007-ին հեռացել է այդ ասպարեզից և զբաղվել է կինոյով` որպես պրոդյուսեր: «Հերոինը» նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է: «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային մրցույթում նաև իրանական «Փարվիզ» ֆիլմն է: Ռեժիսոր Մաջիդ Բարզեգարն ու գլխավոր դերակատար, ի դեպ ծագոմով հայ Լևոն Հավթվանն այս օրերին Երևանում են: Մաջիդ Բարզեգարը իրանական կինոյի երիտասարդ ներկայացուցիչներից է: Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմեր: Նրա առաջին ` «Անձրևոտ շրջան» լիամետրաժ ֆիլմը ցուցադրվել է Ռոտերդամի և Մոնրեալի միջազգային կինոփառատոններում:

«Ես շատ հպարտ եմ, որ «Ոսկե ծիրան » կինոփառատոնը, որը ժամանակին հյուրընկալել է իրանական կինոյի մեծերին, ներկայացնում է նաև իմ ֆիլմը: Իրանական կինոն երկար ճանապարհ է անցել, իսկ այսօր բարձրանում է ռեժիսորների նոր սերունդ, որը փորձում է նոր արժեքներ ստեղծել: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր ազգային կինոն չկորցնի իր դեմքը, միաժամանակ ընկալելի լինի նաև համաշխարհային կինոաշխարհում»:

Մաջիդ Բարզեգարի ֆիլմի հերոսը 50-ամյա Փարվիզն է, ապրում է հոր հետ: Երկու տղամարդիկ այնքան էլ լեզու չեն գտնում: Իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է ամուսնանալ: Փարվիզը պետք է զիջի իր տեղը խորթ մորն ու հեռանա տանից: Նրա համար դժվար է ապրել նոր` միայնակ կյանքով: Իր հանդեպ գործված անարդարության դեմ Փարվիզը պայքարելու յուօրինակ ձև է գտնում: Գլխավոր հերոսի կերպարում մարմնավորել է մեր հայրենակից Լևոն Հավթվանը: Նա ծնվել և մեծացել է Թեհրանում, այժմ ապրում է Կանադայում:

Back to top button