ԿարևորՏնտեսական

Գյուղնախարարությունում տեղյակ են մթերման խնդիրներից

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հանրապետությունում շարունակվում է պտուղ-բանջարեղենի, մասնավորապես, ծիրանի մթերումը: Արդեն արտահանվել է շուրջ 32 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որից մոտ 20 հազար տոննան` ծիրան: Թեեւ գյուղական շատ համայնքների բնակիչներ դժգոհում են, թե ծիրանն ավելի շատ մնում է ծառերի տակ, քան իրացվում, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր վստահեցրել է, որ մթերման ու գյուղմթերքի դիմաց վճարման գործընթացն ընթանում է նորմալ:

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է արդեն 32 հազար տոննա միրգ-բանջարեղեն, ինչն արդեն գերազանցել է նախորդ տարվա արտահանման 31 հազար 700 տոննա ցուցանիշը: Ընդ որում` դեռ շարունակվում է թե բերքի մթերումը, թե արտահանումը: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի վստահեցմամբ` այս տարի միայն ծիրանն արտահանվել է ավելի քան 18 հազար տոննայի չափով, վերամշակողներն էլ  այս տարի ավելի քան կրկնակի են ծիրան ընդունել` 4500 տոննայի դիմաց` այս տարի արդեն ավելի քան 10 հազար տոննա: Ծիրանի մթերմամբ զբաղվում է 15 կազմակերպություն, որոնցից առավել խոշորները 5-6-ն են: Անդրադառնալով ստացված բողոքներին` Մակարյանը հայտարարեց, որ «Նոյան» ընկերությունն արդեն դադարեցրել է մթերումը, քանի որ մթերել է սահմանվածից շատ ու այժմ տարաների խնդիր ունի:

Մյուս գործարանները շարունակում են ծիրանի մթերումը: Գյուղփոխնախարարն ասում է, որ հենց նախարարությունն է բանակցում վերամշակողների հետ` գյուղացու գրպանին ավելի սրտացավ մոտենալու: Հայաստանից գյուղմթերքի արտահանման առաջին ու հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Այդ երկրի շուկա Հայաստանից ուղղվել է արդեն շուրջ 27 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Հարեւան Վրաստանը հայկական գյուղմթերքի սպառման ծավալով երկրորդ տեղում է` 3800 տոննա: Տեղական մթերողները միրգ-բանջարեղեն արտահանում են նաեւ Բելգիա, Նիդերլանդներ, իսկ այս տարի առաջին անգամ նաեւ Զիմբաբվե` թեեւ դեռ չնչին ծավալներով: Տարին մրգի մի շարք տեսակների արտադրության համար բարենպաստ էր:

Հիշեցնենք` կարկտից էականորեն տուժել էր ծիրանի բերքը հիմնականում Արմավիրի մարզում: Այստեղ պահպանված բերքն էլ ապրանքային տեսքն էր կորցրել: Սակայն, համաձայն կանխավ տրված խոստումների, վերամշակող գործարանների մի մասը նաեւ անորակ ծիրանն է մթերում ջեմի համար` կիլոգրամի դիմաց վճարելով 40-50 դրամ:

Արտահանման համար պիտանի բարձրորակ ծիրանի դիմաց վճարվել է 200-700 դրամ: Ընդհանրապես, ըստ փոխնախարարի, ծիրանի մթերման շրջանում գյուղացիների հիմնական բողոքը վերաբերել է գործարանների մոտ առաջացած հերթերին: Նրա վստահեցմամբ, սակայն, վճարումները կատարվում են հիմնականում մեկ-երկու օրվա ընթացքում, իհարկե, որոշ գործարաններ էլ պայմանագրեր են կնքում գյուղացիների հետ և վճարում 7-10 օրվա ընթացքում: Ռոբերտ Մակարյանը նաև նշեց, թե խոսակցությունները, որ արգելվել է Հայաստանից Վրաստան արտահանումը, չեն համապատասխանում իրականությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button