ԿարևորՔաղաքական

Գագիկ Մինասյան.«ՍՏԾՀ ԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակների որևէ հայտարարություն անպատասխան չի մնում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հուլիսի 10-ից 11-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 41-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Այն ղեկավարում է հանրապետական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Պատվիրակության կազմում են ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը:

Վեհաժողովի օրակարգային հարցերից հիմնականը եղել է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման թեման, որի քնննարկման ընթացքում ելույթներ են ունեցել ազգային պատվիրակությունների ղեկավարները: Հենց տուրիզմի թեման քննարկելիս Ադրբեջանի պատվիրակության անդամները կրկին հիշել են 20 տոկոս օկուպացված տարածնքերի մասին, նաև անդրադարձել են Մոլոդավայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հետ կապված միջադեպին: Թե ինչ են ասել ադրբեջանցի պատվիրակները և ինչ հակադարձումներ են լսել հայ պատվիրակներից:

«Զբոսաշրջությունը որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն. և համագործակցությունը տարածաշրջանում». հենց այս թեմայի շուրջ Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի անդամ 11 երկրների պատվիրակությունների ղեկավարները պետք է ներկայացնեին իրենց երկրների առաջնահերթություններն ու կատարած քայլերը:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ասադ Հաջիեւը, նկարագրելով իր երկրի խնդիրները, ասել է, որ Ադրբեջանը կարող էր տուրիզմի բնագավառում ավելի շատ հաջողություններ ունենալ, եթե իր տարածքի «20 տոկոսն օկուպացված չլիներ» Հայաստանի կողմից: Ադրբեջանի մեջլիսի պատգամավորը խոսել է նաեւ մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի՝ Հայաստանի խորհրդարանում համաեվրոպական իրավական համաժողովի ընթացքում արած հայտարարության մասին: Մոլդովացի տիկինը հիշեցնենք, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը Սոֆիայում հայտարարել է, թե մոլդովացի փաստաբանն արտահայտած տեսակետի համար հալածանքների է ենթարկվել: Եվ եզրահանգել է՝ եթե այլ տեսակետ արտահայտած մարդը Հայաստանում հալածանքների և սպառնալիքների է ենթարկում, ապա Հայաստանը չի կարող հավակնել տուրիզմի համար բարենպաստ երկրի կարգավիճակին:

Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն ասում է, որ ադրբեջանցի պատվիրակների որևէ հայտարարություն Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում ոչ միայն անպատասխան չի մնում, այլև կոշտ հակահարվածի է արժանանում:

«Պետք է նշեմ մի առանձնահատկություն, որը մեր պատվիրակներից յուրաքանչյուրը գիտի: Մենք երբերք առաջինը չենք սկսում, բայց ադրբեջանական ցանկացած նման ելույթին շատ կոշտ ու անհամարժեք պատասխան ենք տալիս, որը նվազեցնում է հաջորդ անգամ նման հայտարարությամբ հանդես գալու ցանկությունը»:

Այս անգամ հակադարձելով ադրբեջանցի գործընկերոջ հայտարարություններին՝ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծել է , որ ադրբեջանական պատվիրակությունը հերթական անգամ փորձում է օգտագործել միջազգային հարթակը՝ ղարաբաղյան հակամարտության էության մասին ստահոդ տեղեկություններ տարածելու համար: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ անցյալ դարավերջին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, համաձայն գործող միջազգային նորմերի, հռչակել է իր անկախությունը՝ դրա օգտին քվեարկելով նաեւ համաժողովրդական հանրաքվեում: Մինչդեռ Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդի օրինական քայլերին պատասխանեց ագրեսիայով ՝ ասել է Գագիկ Մինասյանը:

«Ադրբեջանական ագրեսիան այդ երկրի համար ավարտվեց խայտառակ պարտությամբ՝ այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը փորձում էր արյան մեջ խեղդել ազատությունն ու անկախությունը, իսկ Ղարաբաղը պաշտպանում էր իր անկախությունն ու արժանապատվությունը»:

Ադրբեջանի պատվիրակի հայտարարություններին իր ելույթում անդրադարձել է նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով մոլդովացի օմբուդսմենի նկատմամբ Երեւանում իբր հալածանքների ու կյանքին վտանգ սպառնալու մասին: Նա հիշեցրել է, որ փաստաբան տիկնոջ ելույթից անմիջապես հետո՝ նույն քննարկման ժամանակ Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամն է իր անհամաձայնությունը հայտնել համերկրացու արտահայտած տեսակետների հետ:

Միքայել Մելքումյանը մի դրվագ էլ է շեշտում. ադրբեջանցի պատվիարկը ելույթից անմիջապես հետո լքել է նիստերի դահլիճն ու այլևս չի վերադարձել: Այսինքն , նպատակը ոչ թե բանավեճ կամ քննարկում ծավալելն էր, այլ սեփական իշխանություններին ցույց տալը, որ նման ելույթներ եղել են:

«Գերխնդիրը իրենց իշխանություններին ցույց տալն էր , որ նման ելույթներ են ունեցել: Այլ նպատակ նրանք չէին հետապնդում, քանի որ մեր ելույթներին ու հարցապնդումներին ի պատասխան որևէ բան չասվեց»:

Ցուցադրել ավելի
Back to top button