ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանը Քիշնևում մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Քիշնևում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր: Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել  Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, գործընկերության նախաձեռնությանն անդամագրվելով՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, երկրում իրականացվող բարեփոխումներին:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Նախագահը խոսել է նաև էներգետիկ համագործակցությունը էներգետիկ թելադրանքի վերածելու՝ ադրբեջանական քաղաքականության անթույլատրելիության մասին, երբ պարտադրում են լռել ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների խախտումների բացահայտ դեպքերի ժամանակ անգամ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ապօրինի շրջափակման հարցին՝ շեշտելով, որ փակ սահմաններն իրենց բնույթով հակասում են Եվրոպական միության էությանն ու արժեհամակարգի առանցքին:

Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է նաև համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ անդրադարձել է Արևելյան գործընկերության օրակարգային, ու նշել, որ մեզ համար սրանք շատ շոշափելի, կոնկրետ հարցեր են: Արդյունավետ աշխատելու համար Արևելյան գործընկերությունը պետք է հասկանալի և հասու լինի գործընկեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք` ինչպե՞ս է մեր այս կամ այն համաձայնագիրը հեշտացնում քաղաքացու կյանքը, ինչպես է այն ազդում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացու կյանքի որակի վրա:

Մեր քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե ինչ իրենք ստացան այս գործընթացից: Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, այն ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը փակ մնա: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առևտուրը չի կարող լինել արդյունավետ»,-համատեղ մամուլի ասուլիսում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Back to top button