Պռոշյանի գյուղապետի սպանության բացահայտումը պետք է լինի հասարակության եւ պետական մարմինների ուշադրության կենտրոնում, ասում է ՀՅԴ գործիչը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այս տարվա ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի առջև սպանվեց դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Այժմ ընթանում է գործի նախաքննությունը, ստեղծվել է «Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» հասարակական շարժումը։
Արցախյան ազատամարտի բոլոր ճակատներով անցած, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը, ԱԺ-ի ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի բնորոշմամբ, իր գյուղի բնակչությանը նվիրված անձնավորություն էր: Ըստ նրա` Մուրադյանի նման մարդու սպանության գործի բացահայտումը պետք է լինի ինչպես հասարակության, այնպես էլ պետական մարմինների ուշադրության կենտրոնում:
«Մեր նպատակն է, որ բացահայտվեն և օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն սպանության իրական հեղինակները: Մեզ պետք չէ անմեղ և ոչ հիմնավոր պատճառներով մարդկանց դատապարտում»,- ասում է Աղվան Վարդանյանը։
Այս շրջանում բնակչությունն անվստահություն ունի պետական ինստիտուտների նկատմամբ և այս գործի բացահայտումով դաշնակցական պատգամավորի ցանկությունն է արդարադատության հանդեպ վստահություն ներշնչելը: Նախաքննությանը խոչընդոտող հանգամանքը, ըստ Վարդանյանի, քաղաքացիների` իրավապահ մարմինների հետ չառնչվելու խնդիրն է:
Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանն այս գործի առնչությամբ հանդիպել են ոստիկանապետի հետ և վերջինս էլ վստահեցրել է, որ ամեն ինչ են անելու գործը բացահայտելու համար:
Հրաչ Մուրադյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանը նշեց, որ այս սպանությունը վերջաբանն էր Հրաչ Մուրադյանի և նրա հարազատների հանդեպ կատարված դիտավորյալ հանցագործությունների:
Անդրադառնալով հուլիսի 14-ին Պռոշյանում կայանալիք գյուղապետի ընտրություններին` Աղվան Վարդանյանը նշեց, որ դաշնակցական Վովա Սահակյանն ինքնաառաջադրվել է՝ գյուղում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով։ Ըստ դաշնակցական պատգամավորի՝ եթե ընտրությունները կեղծվեն, ապա լարվածությունը կմեծանա, նշեց Աղվան Վարդանյանը։