

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
10-րդ «Ոսկե ծիրան»-ի հայկական համայնապատկեր ծրագրի շրջանակներում ներկայացվել է ստամբուկյահայ երիտասարդ ռեժիսոր, Հրանտ Դինքի եղբոր դուստր Լուսին Դինքի դեբյուտային «Սարոյանլենդ» ֆիլմը:
Վավերական դրամայի հիմքում 1964 թվականին Վիլյամ Սարոյանի առաջին ու վերջին ուղևորությունն է իր նախնիների ծննդավայր` Բիթլիս:
72 րոպեների ընթացքում հանդիսատեսն անցնում է այն ճանապարհը, որը 64 թվականին անցել է Ֆրեզնոյում ծնված, բիթլիսցի արմատներով մեր մեծ հայրենակիցը: Ֆիլմում Սարոյանի ձայնն ու պատկերն իրական են, հորինվածք չկա:
«Սարոյանից պարզապես փորձել եմ կոլաժ հավաքել, քանի որ նա իր գրվածքներում մեր մտքերն ու ապրումները բառերով արդեն վերարտադրել է»,- ասում է Լուսին Դինքը։
«Սարոյանը գրում է այնպես, որ կարդալիս հստակ պատկերացնում ես այն կյանքը, որի մասին նա գրում է»,-ասում է ռեժիսորը: Նրա ֆիլմում ևս կարծեք հանդիսատեսւի սեփականությունն են դառնում Սարոյանի մտքերը, հույզերը:
Հույզերը խանգարեցին Լյուսին Դինքին պատասխանելու նրա հորեղբորը` Հրանտ Դինքին վերաբերող հարցիս: Բոլորին հաշտեցնելու , ազգայինի մեջ համամարդկայինը տեսնելու նրա ձեռագիրն այս ֆիլմում առկա է: «Սարոյանլենդ» ֆիլմն ապրիլին ներկայացվել է Ստամբուլում կայացած կինոփառատոնում: Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը դրական արձագանք է ունեցել։
«Վերջին տարիներին ավանդույթ է ձևավորվել։ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին հայերի հետ միասին հավաքվում են նաև քուրդ և թուրք երիտասարդներ: Նրանք շփվում են, ճանաչում միմյանց, ամենակարևորը` միմյանց լսում են»,- պատմում է Լուսին Դինքը:
Նա համոզված է, որ միմյանց ճանաչելով, լսելով է նոր սերունդը հարթելու պատմական կնճիռները: Իր բազմաթիվ այցերի ընթացքում նկատել է նաև այստեղ` Հայաստանում գոյություն ունեցող կնճիռները։
Առաջիկա անելիքների մասին երիտասարդ ռեժիսորի պատկերացումները դեռ աղոտ են, առայժմ հստակ է ընդամենը մեկ բան. «Մենք` հայերս այնտեղ դարձյալ պիտի ներկա լինենք»։