ԿարևորՀասարակություն

Հայ և ամերիկացի դատավորները քննարկում են ամերիկյան փորձը Հայաստանում կիրառելու հարցը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարեփոխումները այսօր դարձել էին հայ եւ ամերիկացի դատավորների քննարկման առարկա: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի շրջանակմերում այսօր կայացած համաժողովի ընթացքում այս ինստիտուտի կայացումը դիտվեց որպես գործարար միջավայրի բարեփոխումների բաղկացուցիչ մաս:

Երկու ամերիկացի դաշնային դատավորներ Ռիկարդո Մարտինեսն ու Ռոբերտ Լասնիկը Երևանում այսօր ներկայացրեցին իրենց երկրի մոտեցումը վեճերի այլընտրանքային լուծմանը: Թեև մեր երկրների դատական համակարգերի միջև առկա է զգալի տարբերություն, այնուամենայնիվ այդ փորձի ուսումնասիրումը կարևոր դեր կարող է խաղալ մեր երկրի համար, որտեղ վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգը դեռևս գտնվում է կայացման փուլում: Հարցի շուրջ համաժողովի անցկացումը Ֆեմիդայի ներկայացուցիչները կարևորեցին հայ-ամերիկյան երկխոսության դիտանկյունից:

Մեր երկրի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը օգտակար համարեց ոլորտի ամերիկյան փորձը, որը, ըստ նրա, կարելի է փոխառնության առնել ՀՀ-ում` հաշվի առնելով նաև տեղական առանձնահատկությունները:

Վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի ներդրումը նախատեսված է մշակման փուլում գտնվող քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծով. որը մինչև տարևերջ կներկայացվի խորհրդարան: Արտադատական այս ինստիտուտը կարող է օգտակար լինել մեր երկրի համար, նշեց փոխնախարարը:
Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն իր ելույթում ընդգծեց Վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի առավելությունները երկրի տնտեսության, տնտեսվարողների և սպառողների համար: Մասնավորապես, նա անդրադարձավ գործարար ոլորտի վեճերին: Հատկանշական է, որ տիկին Հիլիարդը նախընտրեց ելույթ ունենալ հայերենով:

Համաժողովի նախորդ օրը՝ հուլիսի 11-ին, Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության միջև ստորագրվեց մտադրությունների հուշագիր, որը կարևորում է Հայաստանում ՎԱԿ համակարգը զարգացնելու շուրջ կողմերի փոխգործակցությունը ՝ հայաստանյան բիզնեսներին և սպառողներին առաջարկելով այլընտրանք ավանդական դատական գործընթացներին:

Ցուցադրել ավելի
Back to top button