ԿարևորՀասարակություն

Հայ մասնագետները կոչ են անում չկասկածել տեղական դեղերի որակին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Վստահել, թե՞ չվստահել հայրենական արտադրության դեղագործական ապրանքների որակին: Որքան էլ հայ սպառողը երկմտում է, հայ մասնագետներն այս հարցում միակարծիք են` տեղական արտադրության դեղամիջոցների որակը կասկածի տակ առնել չի կարելի: Նրանք վստահեցնում են, որ թե տեղում արտադրված, թե ներկրված դեղերն անցնում են նույն խստությամբ անցկացվող փորձաքննությունը: Ինչ միտումներ կան դեղագործության ոլորտում, ու ինչ են վկայում արտադրության ու ոլորտում գների բարձրացման վերջին ցուցանիշերը:

Հայաստանում այսօր հաշվառված է շուրջ 4500 դեղ, որից 500-ն է հայրենական արտադրության: Խորհրդային միության փլուզումից հետո մոտեցում կար, թե շուրջ 3 մլն բնակչությամբ երկիրը դեղերի ներկրմամբ էլ կկարողանա իր հարցերը լուծել:

Ուստի դեղերի արտադրությունը բավական երկար ժամանակ կանգ էր առել մեզ մոտ: Վերջին տարիներին իրավիճակը շարունակաբար փոխվում է: Հայաստանում ներկայում դեղարտադրությամբ զբաղվում է շուրջ 2 տասնյակ ընկերություն: Դրանց արտադրած դեղերի տեսականին եւ քանակը տարեցտարի ավելանում են, աճում են նաեւ արտահանման ծավալները` այսօր կազմելով արտադրանքի շուրջ 70 տոկոսը: Եւ մինչ Ռուսաստանը, Վրաստանը, Ուզբեկստանը եւ ԱՊՀ մի շարք այլ երկրներ ավելացնում են հայաստանյան արտադրության դեղերի իրենց պահանջարկը, հայ սպառողը դեռ շարունակում է իր վստահությունն ու գերապատվությունը տալ ներկրվածին: ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այս համատեքստում ընդգծում է` տեղական արտադրության դեղերի որակը պետք չէ ու չի կարելի կասկածի տակ առնել:

Սամվել Զաքարյանն Հայաստանի համար առանձնահատուկ կերպով կարևորում է դեղարտադրության ոլորտի զարգացումը` նկատելով, որ Ադրբեջանում, օրինակ, չկա դեղարտադրություն: Նրա վստահեցմամբ` դեղարտադրողների և ներմուծողների միությունն աչալուջ է դեղերի արտադրության ու որակի հարցում: Փորձաքննությունն էլ նույն խստությամբ տարածվում է թե ներկրվող, թե տեղում արտադրվող դեղերի վրա:

Համաձայն ԱՎԾ ցուցանիշների՝ 2013թ. հունվար-մայիսին Հայաստանում թողարկվել է 1.9 մլրդ դրամի դեղագործական արտադրանք: Աճի տեմպը 2012թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 30 տոկոս է: Իրացվել է շուրջ 1.9 մլրդ դրամի արտադրանք, աճը՝ 32.1 տոկոս: Վիճակագիրները դեղերի գների շեշտակի բարձրացումներ չեն նկատում: Այս հարցի առնչությամբ ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն ունի իր դիտարկումները` շեշտելով սեզոնային միտումները:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի խոսքով` դեղագործությունը ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ընտրված ոլորտների ցանկում է, որոնց հատուկ աջակցություն է ցուցաբերվում: Ընտրված ոլորտների ընկերություններին այս տարի կտրամադրվի շուրջ  463 մլն դրամի պետական աջակցություն մի քանի ուղղություններով: Իսկ Արդյունաբերության զարգացման հիմնադրամն իր հերթին տեղական դեղարտադրողներին սուբսիդավորված տոկոսադրույքներով` 8-9 տոկոսով վարկեր է տրամադրում:
Մասնագետները փոխանցում են նաեւ վիճակագրական այլ տվյալներ` կեղծ դեղերի տարածվածություն Հայաստանում չկա: Դեղերի կեղծումը քրեորեն է հետապնդվում: Իսկ ՀՀ սահմանի վրա բոլոր դեղերի վերահսկողություն է սահմանված:

Ցուցադրել ավելի
Back to top button