Դեսպան Ռենո. Ցանկացած երկիր ունի իր բաստիլները և հասարակությունը պետք է ձեռնամուխ լինի դրանց գրավմանը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
1789 թվականի հուլիսի 14- ին Բաստիլի գրավումն ազդարարեց Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին։ Այս տարի նշվում է պատմական այս իրադարձության 224- րդ ամյակը։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Մամուլի ազգային ակումբում այսօր նշել է, որ ժողովրդի լայն շրջանակների մոտ Բաստիլի գրավումը նշվում է հուլիսի 14-ին, սակայն այդ օրը, ըստ դեսպանի, համընկնում է մեկ տարի հետո՝ 1790 թվականի նույն օրը հայտարարված ֆեդերացիայի տոնի հետ: Դեսպանը լրագրողների հետ Բաստիլի գրավումը ֆրանսիացիների համար պատմական կարևոր իրադարձություն է, որին բոլոր ժամանակներում քաղաքական բոլոր այրերն անդրադարձել են:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ բաստիլների գրավումը մշտական շարժում է և այն երբեք չի դադարի: Դեսպանը մեծ նշանակություն տվեց կանանց դերակատարմանը և նշեց, որ նրանք պակաս թվով Բաստիլներ չեն գրավել՝ հատկապես արձանագրելով, որ ինչպես հեղափոխությունը, այնպես էլ ազատությունը մարմնավորում են կանանց կերպարով։
Ըստ դեսպանի` ինչպես Ֆրանսիան, այնպես էլ ցանկացած այլ երկիր ունի իր բաստիլները և հասարակությունը պետք է ձեռնամուխ լինի դրանց գրավմանը: Խոսելով հայ- ֆրանսիական հարաբերությունների մասին` դեսպան Ռենոն նշեց, որ այն բարձր մակարդակի վրա է: Քաղաքական ոլորտում արձանագրած հաջողությունների գրավականը բարձր մակարդակի հանդիպումներն են:
Հայ-ֆրանսիական դրական հարաբերությունների մեկ այլ դրսևորում է Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր լինելու փաստն է: Անրի Ռենոն ընդգծեց, որ համանախագահող երկրները միշտ քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը և փորձում լուծումներ գտնել:
«Մինսկի խումբն անընդհատ փորձում է լուծումներ գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանը և Հայաստանը ցանկություն են հայտնել, որ Մինսկի խումբը շարունակի իր աշխատանքները»,- ասաց դեսպանը՝ խմբի գործունեության քննադատություններին ի պատասխան։
Տնտեսական հարաբերություններում էլ են երկու երկրները գրանցել հաջողություններ, նշեց դեսպանը՝ ավելացնելով, որ Ֆրանսիան Հայաստանում թիվ մեկ ներդրողներից է: Դեսպանը հուսով է, որ նոր տնտեսական համագործակցություններ կլինեն մոտ ապագայում: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` դեսպանն ընդգծեց, որ հույսերը մեծ էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ կապված, սակայն, ցավոք, այդ ակնկալիքները չիրականացան: Վերջինիս խոսքով` անհրաժեշտ է, որ Հայաստանը բոլոր ուղղություններով բաց տարածքների երկիր վերածվելու ուղղությամբ քննարկումները շարունակի։