Տնտեսական

Վազգեն Սաֆարյանն առաջարկում է գնաճը մեղմելու իր տարբերակը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում գնաճի առաջացրած հետեւանքները մեղմելու ու սոցիալական նոր լարվածությունը կանխելու տարբերակներ կան, այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ 

Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետեւանքով շղթայական գնաճը համեմատաբար մեղմելու համար Վազգեն Սաֆարյանն առաջարկում է առաջին հերթին այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ստեղծումը դարձնել օրակարգային: Որպես կոնկրետ քայլ առաջարկում է դիտարկել Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը։
Եթե մինչ օրս էլեկտրաէներգիայի գինն ավելի չէր բարձրանում, ապա միայն ՋԷԿ-ի շնորհիվ էր, քանի որ այն բաշխիչ ցանցերին էլեկտրաէներգիան մատակարարւմ է ընդամենը 0.4 դրամով:
Սաֆարյանն անգամ այս առումով հաշվարկներ է կատարել: Ճապոնական վարկով՝ 400 մլն դրամով երկրորդ էներգաբլոկը կառուցելով յուրաքանչյուր 3 խմ գազի դիմաց կարող ենք Իրանին 9 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա մատակարարել: Հայաստանի ներսում էլ բաշխիչ ցանցերին էներգիան կտրվի բավական էժան գնով, իսկ 1-2 տարի հետո դա հնարավորություն կտա հանրապետությունում նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը։
Սաֆարյանի մոտավոր հաշվարկներով՝ գազի և էլեկտրաէներգայի թանկացումը մեկ ընտանիքի «գրպանից» միջինում կտանի հավելյալ 8-9 հազար դրամ: Տրանսպորտի սպասվող թանկացումն էլ կկազմի ևս շուրջ 2000 դրամ: Սա ավելացնում է սոցիալական լարվածությունը, պակասեցնում գազի սպառումը:
Մեր տնտեսությունը այս թանկացումներին պատրաստ չէր, նկատում է Սաֆարյանը: Տարիների ընթացքում հարկավոր էր դիվերսիֆիկացնել, մասնավորապես, էներգետիկ համակարգը, որպեսզի պետությունը կարողանար ինչ-որ չափով չեզոքացնել գազի հնարավոր բաձրացումը:
Վազգեն Սաֆարյանը չի ժխտում` կառավարությունը, այնուամենայնիվ, ամեն ինչ անում է վիճակը մեղմելու համար, օրինակ՝ գազը 30% սուբսիդավորելու որոշում է կայացրել, բայց դրանց առաջընթացին ուղղված քայլեր անվանել Սաֆարյանը դեռ չի շտապում: Հատկապես, որ, նրա համոզմամբ, Ռուսաստանը շարունակելու է  փորձել բարձրացնել գազի գինը:
Սաֆարյանը տեսնում է խնդրի ելքը` պետք է գտնել էլեկտրաէներգիայի արտադրության այլընտրանքային ճանապարհներ, օգտագործել քամուց ու արևից էներգիա ստանալու հնարավորություննեըը։

Back to top button