ԿարևորՄշակույթ

Ստելինգ.«Ֆիլմ նկարելը տղամարդու գործ է, այն դիտելն ու գնահատելը` կնոջ»

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

«Յուրաքանչյուր խոչընդոտ պետք ընկալել որպես ևս մեկ աստիճան վերելքի ճանապարհին: Կինոն բազմաթիվ խոչընդոտների ամբողջություն է, որոնք աստիճանաբար հաղթահարվում են ու դառնում ֆիլմ»,-լրգարողների հետ հանդիպման րամանակ այսօր ասել է հոլանդացի հայտնի կինոռեժիսոր Յոս Ստելինգը, ով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի լավագույն բարեկամներից է և փառաըոնի շրջանակներում բազմիցս հյուրընկալվել է Երևանում: Երևանյան պրեմիերաների շարքում այսօր կներկայացվի Յոս Ստելինգի վերջին` «Աղջիկը և մահը» ֆիլմը:

Նիդեռլանդների Ուտրիխտ քաղաքում ծնված ինքնուս Ստելինգը զարմացրեց բոլորին, երբ նրա առաջին ֆիլմը, որը կոչվում էր «Մարիկեն վան Նյումեգենը», 1975-ին ընդգրկվեց Կաննի կինոփառատոնում: Դրանից հետո հոլանդացի ռեժիսորի փառատոնային հաջողությունները հետևեցին մեկը մյուսին: 1981 թվակակնին նա հիմնեց «Հոլանդական կինոյի օրեր» փառատոնը, որի տնօրենն էր մինչև 1991 թվականը: Մշակութային նվաճումների համար Ստելինգն իր հայրեննիքում արժանացել է Հոլանդական առյուծի ուխտի ասպետի արքայական շքանշանի: «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցել է բազմիցս: Ինչպես ասում են, փառատոնի լավագույն բարեկամների ցանկում է:

10-րդ «Ոսկե ծիրանին»-ին ներկայացել է իր վերջին`«Ացջիկը և մահը» ֆիլմով, որը ներկայացվում է «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Ֆիլմը ռուս երիտասարդ Նիկոլայի և կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո պատմությունն է, որն ընդհատվում է նյութապաշտության ու մահվան սպառնալիքի պատճառով. «Սիրո պատմություններն ամենուր նույնն են: Դա քիմիա է, էներգիա, այն տարածքն է, որ ստեղծվում է կնոջ և տղամարդու միջև: Ինձ համար ամնենակարևորը հենց այդ տարածքն է, որը գոյություն ունի նրանց միջև, դա նաև արվեստի տարածքն է»:

Ստելինգի հերոսներն օժտված են ինքնատիպ հումորով: Ռեժիսորը խոստովանում է, որ կինոյում դա իր հիմնական զենքն է: Մռայլ և տխուր ֆիլմեր դիտելիս հանդիսատեսն անմիջապես փորում է պաշտպանվել , իսկ հումորի շնորհիվ պարզապես սողոսկում ես նրա սիրտը»,-ասում է ռեժիսորը, ում խորին համոզմամբ լավագույն հանդիսատեսները կանայք են.«Ֆիլմ նկարելը տղամարդու գործ է, այն դիտելն ու գնահատելը` կնոջ: Կնոջ էներգետիկան այս առումով կատարյալ է: Տղամարդը սովորաբար սկսում ա կետից ու գնում մինչև վերջ, իսկ կինը կանգնում է մեջտեղում և զննում շուրջը: Նրանք նաև ավելի շատ են գրականություն կարդում, քան տղամարդիկ»:

Բացառիկ է հոլանդացի ռեժիսորի սերը ռուս գրականության հանդեպ: «Աղջիկը և մահը» ֆիլմը ևս այդ գրականության ազդեցության արդյունքն է: «Արևմուտքում բոլորի հայացքներն ուղղված են դեպի Հոլիվուդ, իսկ ինձ ներշնչում է Արևելքը, Չեխովյան հերոսների աշխարհը, մահը, որպես ներշնչանքի աղբյուր, Դոստոևսկու հումորը: Ռուսատանի հետ իմ միակ խնդիրն այն է, որ նրանց մասին հումորներ անել չեմ կարող: Իրենց մասին հումորները ռուսներն իրենք են սիրում ստեղծել»,-ասում է Յոս Ստելինգը:

Ցուցադրել ավելի
Back to top button