ԿարևորՔաղաքական

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը այսօր քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Նիստի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:Այսօր նախատեսվում է ԱԺ պատվիրակության հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Նույն օրը տեղի կունենա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ: Հուլիսի 12-ին հայ խորհրդարանականներին կընդունի Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի գործադիր մարմնի նախագահ Կոնստանտին Սումարը:

Ցուցադրել ավելի
Back to top button