Հասարակություն

Կենսաթոշակների ուշացման պատճառը՝ ճշգրտումներն են

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Այս ամիս կենսաթոշակների վճարումների ուշացումից առաջացած լարվածությունը դեռ չի մարում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ պարզաբանել էր խնդիրը` կենսաթոշակների ուշացումը պատճառաբանելով թոշակառուների ցուցակներում ճշգրտումների կատարմամբ: Պարզաբանումը չէր բավարարել, ու երեկ Արագածոտնի մարզի 6 համայնքների բնակիչներ այս առիթով իրենց բողոքն արտահայտել էին` փակելով Երեւան-Վանաձոր մայրուղին:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունից այսօր պարզաբանեցին նաեւ այս խնդիրը: Պատճառն այս դեպքում այլ է ու ցուցակների հետ կապ չունի: Խնդիրը «Հայփոստ»-ի կողմից կենսաթոշակների վճարման նոր  ծառայության կիրառումն է, որը սահուն չի իրականացվել:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանը 
խոստացավ, որ արդեն մինչեւ եկող շաբաթվա սկիզբ նույն «Հայփոստ»-ի միջոցով Արագածոտնի կենսաթոշակառուների թոշակը տեղ կհասնի, սակայն դեռ պարզ չէ` վճարումը կիրականացվի նախկինի պես` փոստային ծառայություններից, թե՞, այնուամենայնիվ, փորձնական մոդելով` շրջիկ փոստատարների միջոցով:
Իսկ մինչ այդ՝ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը փորձում է փոստային ծառայությունների միակ մատակարարից ճշտել` ինչու իրենց նախապես չի տեղեկացվել նոր ծառայության ներդրման մասին, և ինչու հաշվի չի առնվել, որ ամռան այս շրջանում գյուղացիները ցերեկային ժամերին հիմնականում հանդում են լինում, այգիներում, շատերը չեն հասցնում, շատերն էլ չեն կարողանում կոնկրետ ժամի հասցնել լինել գյուղի կենտրոնում` թոշակներն ատանալու համար: Ստեղծված տեխնիկական խնդրի համար դժվար թե «Հայփոստ»-ը տուգանվի, սակայն հնարավոր է, որ վերանայվի կենսաթոշակների վճարման մասին այս ընկերության հետ առկա պայմանագիրը։
Ինչ վերաբերում է ընդհանրապես ցուցակների ճշգրտման հետեւանքով թոշակների վճարման ուշացումներին, ապա, Արայիկ Պարոնյանի խոսքով, համակարգում առկա խնդիրներն ու բաղթողումները շտկելու նպատակով  ճշգրտումներ արվում են ամեն ամիս։
«Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ արդյոք այդ ամսական ճշգրտումները փոքր-ինչ ավելի շուտ կազմակերպել, որ թոշակառուն ամեն թոշակ ստանալիս դրա ուշացումից սրտնեղելու առիթ չունենա։
Համակարգի պատասխանատուն նշեց, թե աշխատանքի ծավալը մեծ է, մեկ օրվա չէ: Սակայն, Պարոնյանի պարզաբանմամբ, թոշակների վճարումը, ըստ կարգի, պետք է իրականացվի ամսվա սկզբից մինչեւ ամսի 20-ը: Այս ընթացքում վճարումները կկատարվեն արդեն ճշգրտված` լրացուցիչ ցուցակների միջոցով, խոստացավ նա։

Ցուցադրել ավելի
Back to top button