ԿարևորՀասարակություն

Ժողովրդագիր.Վերջին երեք տարիներին Հայաստանում նվազել է ծնելությունը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր աշխարհը նշում է ազգաբնակչության համաշխարհային օրը: Աշխարհում այժմ ապրում է 7 միլիարդ մարդ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և նշել, որ Չինաստանը 20 տարի հետո կունենա 450 միլիոն թոշակառու: Ամենաշատ երեխաները կլիեն Բանգլադեշում և Աֆրիկյան երկրներում: Բարեկեցիկ երկրները ունեն բնակչության կտրուկ նվազում և աշխատուժի պահանջ: Ըստ սոցիոլոգի` այսօր Ֆրանսիայում ապրող բնակչության 30 տոկոսը ֆրանսիացի չէ: ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ խնդիրն ունի Ռուսաստանը: Կանխատեսվում է, որ դարավերջին այնտեղ բնակչությունը 140 միլիոնից կնվազի մինչև 80 միլիոն:

Հայաստանի բնակչության թիվը կազմում է 2 ու կես միլիոնից 2 ու 7 միլիոն: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական հիմնադրամի տվյալների` մենք գտնվում ենք կրճատվող ազգերի ցուցակում: Կառույցի կանխատեսումների համաձայն՝ 2100 թվականին Հայաստանը կունենա 1 միլիոն 750 հազար բնակիչ: Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի` մեր կանայք երեխա են ունենում ոչ թե ազգը պահպանելու, այլ Ռուսաստանի և Եվրոպայի բնակչության քանակն ապահովելու համար:

Սոցիոլոգի խորհուրդն է մայրերին` ունենալ շատ երեխաներ, որպեսզի կանխվի ապահարզանը: Ադիբեկյանի խոսքով՝ եթե 80- ականներին երիտասարդ ընտանիքը գյուղում պլանավորում էր ունենալ 2, 3 երեխա, սակայն ունենում էր 4-ը, իսկ քաղաքում պլանավորում էր ունենալ 1,2 երեխա, ունենում էր 3-ը, հիմա երկու տեղում էլ թվաքանակը հավասարվել է՝ 1,2 երեխա: Ըստ Ադիբեկյանի` այս տվյալները ցույց են տալիս, որ ապագայում մեզ ոչ մի լավ բան չի սպասվում:

«Մենք պատերազմող երկիր ենք, մեր բանակի թվաքանակը կարող է կտրուկ նվազել և մենք կկանգնենք ոչ միայն տնտեսական ապահովության խնդրի առջև, որ պետք է մեր տատիկ, պապիկներին կերակրենք, այլև անվտանգության խնդիր է դառնում, ինչպես մենք պետք է պաշտպանվենք, եթե հանկարծ սկսվի հայ-ադրբեջանական նոր պատերազմը»:

Սոցիոլոգը հուսով է, որ գալու է մի իշխանական համակարգ, որն ազգագրական քաղաքականությունը կդարձնի գերակայող և առանցքային և ընդգծում, որ պետք չէ խոսել էկոլոգիական խնդիրներից և մարդու իրավունքներից, այլ պետք է մտածել բնակչության ֆիզիկական առողջության և թվաքանակի աճի մասին: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը չհամաձայնեց սոցիոլոգի այն կարծիքի հետ, որ ժողովրդագրական քաղաքականությունը մասնավորապես ծնելիությանը խթանման միջոցառումները կարող են էական ազդեցություն ունենալ մեր երկրի վրա:

Եգանյանի խոսքով` 80 ականներին մենք ունեցել ենք ժողովրդագրական բարենպաստ պատկեր: Մեր երկրում վերջին 20 տարվա ընթացքում 2 անգամից ավել նվազել է ծնելիությունն ու ամուսնությունների թիվը: Այսօր պետք չէ երազել, որ տիրող այս իրավիճակում բնակչությունն ակտիվորեն կներառվի վերարտադրական գործընթացներում:

Այսօր երիտասարդները չունեն կայուն աշխատանք և համապատասխան վաստակ, նշեց Եգանյանն ու ավելացրեց, որ սա էլ բերում է նրան, որ երիտասարդները կամ հետաձգում են ամուսնությունը, կամ էլ ձեռնպահ են մնում ամուսնությունից, իսկ սա էլ հանգեցնում է ծնելիության նվազմանը: Ահարոն Ադիբեկյանն էլ ավելացրեց, որ մեր հարսնացուները ծերացել են 4-5 տարով, իսկ փեսացուները՝ 6 տարով:

Եգանյանը հանգստացնում է, այս պատկերը զարգացած երկրներում դիտարկվող երևույթ է: Համաշխարհային միտումն է այդպիսին, ասում է: Վերջին 3 տարիների ընթացքում ծնելիությունը Հայաստանում էլ ավելի է նվազել, ասում է ժողովրդագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button