ԿարևորՀասարակություն

Այսօր բնակչության համաշխարհային օրն է

Այսօր բնակչության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է հղել օրվա առիթով:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Լինելով աղջիկների կրթության, առողջության ու իրավունքների հավատարիմ ջատագովը և հավատացած լինելով, որ երիտասարդ կանայք կկարողանան վերափոխել մեր աշխարհը, ես ողջունում եմ այն փաստը, որ այս տարվա Բնակչության համաշխարհային օրվա ուշադրության կենտրոնում անչափահասների հղիության հարցն է: Այս նուրբ թեման գլոբալ ուշադրություն է պահանջում: Մոտ 16 մլն դեռահաս աղջիկներից շատ շատերը, ովքեր յուրաքանչյուր տարի ծննդաբերում են, երբեք իրենց հղիությունը պլանավորելու հնարավորություն չեն ունեցել: Հղիության և ծննդաբերության բարդությունները կարող են հանգեցնել ծանր հաշմանդամության, ինչպիսին է մանկաբարձական ֆիստուլը, և հանդիսանում են այս խոցելի երիտասարդ կանանց մահվան հիմնական պատճառ: Դեռահաս աղջիկները վտանգավոր արհեստական վիժեցման պատճառով նաև կանգնում են բազմաթիվ հիվանդությունների, վնասվածքների և մահվան առջև:

Այս խնդիրները լուծելու համար մենք պետք է հնարավորություն տանք աղջիկներին հաճախել տարրական դպրոցներ և ստանալ լավ կրթություն իրենց դեռահասության շրջանում: Երբ երիտասարդ աղջիկը կրթված է, հավանականությունը մեծ է, որ նա ավելի ուշ կամուսնանա, երեխաներ կունենա այն ժամանակ, երբ պատրաստ կլինի, կունենա ավելի առողջ երեխաներ և ավելի բարձր եկամուտ կվաստակի:

Մենք պետք է նաև բոլոր դեռահասներին ապահովենք իրենց տարիքին համապատասխան, բազմակողմանի սեռական կրթությամբ: Սա հատկապես կարևոր է, որպեսզի հնարավորություն տրվի երիտասարդ կանանց որոշելու, ե՞րբ և արդյո՞ք ուզում են մայր դառնալ: Բացի այդ, մենք պետք է տրամադրենք սեռական և վերարտադրողական առողջության համապարփակ ծառայություններ, որոնք ներառում են ընտանիքի պլանավորում և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում`ՄԻԱՎ-ի, կանխարգելում և բուժում: Եվ մենք պետք է երաշխավորենք մայրական առողջության ծառայությունները, որոնք անհրաժեշտ են կանանց:

Ուշադրություն և միջոցներ հատկացնելով դեռահաս աղջիկների կրթությանը, առողջապահությանը և բարեկեցությանը` մենք հավատացած ենք, որ նրանք հասարակության մեջ դրական փոփոխություն մտցնելու համար է՛լ ավելի մեծ ուժ կդառնան, ինչն ազդեցություն կունենա եկող սերունդների վրա: Բնակչության համաշխարհային այս օրը եկե´ք խոստանանք աջակցել դեռահաս աղջիկներին իրագործելու իրենց ներուժի կարողությունը և իրենց ներդրումը կատարելու մեր ընդհանուր ապագայի մեջ»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button