ԿարևորՔաղաքական

Սյունիքի նոր մարզպետ, ուշացած կենսաթոշակներ, ապօրինի խորքային հորեր. կառավարության նիստում (լրացված)

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/07/100713gov.mp3
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած   հայտնի միջադեպից և նախկին մարզպետի հրաժարականից հետո Սյունիքն այլևս նոր մարզպետ ունի։ Այդ պաշտոնում կառավարությունն այսօր հաստատեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Վահե Հակոբյանին։
«Ինձ առաջարկել է հանրապետության նախագահը, իմ կուսակցության գործադիր մարմինը, կառավարության որոշումով ինձ նշանակել են Սյունիքի մարզպետ, այլ ընթացակարգ չկա»,- հայտարարեց Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ինքն է Սերժ Սարգսյանին առաջարկել Վահե Հակոբյանի թեկնածությունը:
«Ձեր հայրը ցանկանում է, որ դուք ՀՀ նախագահ դառնաք, իսկ դուք ձեզ տեսնո՞ւմ եք նախագահի պաշտոնում»,- հերթական հարցն ուղղվեց Սյունիքի մարզպետին։
«Իմ հայրը արդյունաբերության լավագույն հրամանատարներից մեկն է, էսօր մեր պետության առաջին հարկատուն է, կարծում եմ, որ եթե նայենք ծնող-որդի հարաբերություններին, ապա ցանկացած ծնողի համար իր երեխայի հաջողություններն էլ արդարացված են: Էդ տեսանկյունից ես համարում եմ հարցը փակված»։
«Սյունեցիներին վախեցնելը հեշտ չէ, կատակ բան չէ։ Սյունիքում պատերազմ տեսած և հաղթանակած ժողովուրդ են, և կարծում եմ՝ վախեցնել կատեգորիան սյունեցիների մոտ չկա: Ես կարծում եմ՝ Սյունիքում վախի մթնոլորտ չկա»,- հայտարարեց  Սյունիքի նորանշանակ մարզպետը:
Մինչ երեկոյան Սյունիքում սյունեցիները  իրենց նոր մարզպետին կշնորհավորեն, առավոտյան Արագածոտնի մարզում,  էլեկտրոնային լրատվամիջոցների փոխանցմամբ, երկու հարյուրից ավելի գյուղացիներ փակել էին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի հատվածը: Պատճառը տեղացիների կենսաթոշակների ուշացումն է, ինչը, ի դեպ, վերջին երկու ամիսներին պարբերական բնույթ է կիրում:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պարզաբանմամբ՝ կենսաթոշակային ցուցակների ճշգրտումներ են  իրականացվում։
«Նախորդ ամսվա վճարման շրջանակներում ճշգրտվել է շուրջ 11 հազար անձի տվյալ և այդ բոլոր անձանց վճարումները ներկայումս իրականացվում են: Այս ամսվա ցուցակներում ձևավորված կան  շուրջ 300 անձի չճշգրտված տվյալներ, որոնք ենթակա են ճշգրտման»,- ասաց նախարարը։
Արարատյան դաշտավայարի  բնակիչներն իրենց դժգոհության ձայնը հասցրել են կառավարություն։ Այստեղ լարված իրավիճակ է, համայնքները հայտարարում են, որ զրկվում են խմելու և ոռոգման ջրերից, քանի որ խորքային ջրերի մակարդակը նվազում է։
Կառավարության անհապաղ միջամտության անհրաժշետություն է նկատվում, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խնդրի շուրջ երկու խորհրդացություն արդեն կայացել է։
«Խ
ոսքը գնում է խորքային հորերի մասին, որոնք անօրինական ձևով են իրականացվել, և այսօր մենք ունենք մեծ գերածախս, և դա կարող է ստեղծել Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի իրավիճակ։ … Մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ նույնպես այդ պրոբլեմի առջև են կանգնելու, շուրջ 700 անօրինական հոր կա, խնդիրը պետք է հրատապ լուծել», — ասաց կառավարության ղեկավարը:
2011 թ բնապահպանության նախարարությանը հանձնարարական էր տրվել, որպեսզի  քարտեզագրում   իրականացվի,  բացահայտվեն  օրինական ու անօրինական հորերը: Հենց այդ արդյունքներն էլ հիմք են ընդունվելու՝ դաշտի կարգավորման համար։

Ցուցադրել ավելի
Back to top button