

Հայաստանի հավաքականի, եւ արդեն Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրուցյում հայտնել է, որ իր տեղափոխման շուրջ բանակցությունների ողջ ընթացքում եղել է Երեւանում եւ հուլիսի 8- ին մեկնել է Վիեննա, այնտեղից էլ Դյուսելդորֆ, որտեղ իրեն դիմավորել է «Բորուսիայի» ներկայացուցիչը եւ ուղեկցել Դորտմունդ։
«Ինձ, որպես նորեկի, ներկայացման պաշտոնական արարողությունը կայացավ հուլիսի 8-ին, երկուշաբթի, քանի որ այդ օրն ակումբում հայտարարված էր ազատ օր: Նախօրեին թիմը հանդիպում էր անցկացրել «Մագդեբուրգի» հետ եւ երկուշաբթին «Բորուսիան» «բաց» օր էր հայտարարել ԶԼՄ-ների համար: Այդ օրը տեղի ունեցան նաեւ թիմի և ֆուտբոլիստների պաշտոնական նկարահանումները, որը պահանջվում է արարողակարգով: Բոլոր իրավական խնդիրներն արդեն արված են, պայմանագրերը ստորագրված են: Ինձ հանձնվեց 10 համարի մարզաշապիկը: Պետք է ասեմ, որ թիմում շատ լավ մթնոլորտ է, ինձ շատ լավ են ընդունել եւ ես շատ ուրախ եմ դրա համար»:
Մխիթարյանը հայտնել է, որ մարզաշապիկի ընտրությունն իրենն է։ «Ես տատանվում էի ինձ եւ իմ երկրպագուներին արդեն հարազատ դարձած 22 համարի եւ 10 համարի միջեւ: Որոշեցի ընտրել նորը»,- ասել է նա։
Հայ ֆուտբոլիստը նաեւ հայտնել է, որ դեռեւս «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ չի խոսել՝ հավելելով, որ «այսօրվանից մասնակցելու եմ հիմնական կազմի մարզումներին»:
Ի տարբերություն «Շախտյորի», որտեղ Մխիթարյանն ապրում էր թիմի մարզաբազայում, այս անգամ ֆուտբոլիստին կտրամադրվի բնակարան։
Միաժամանակ՝ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Շախտյորին», ակումբի նախագահին, մարզչական շտաբին, հատկապես գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, թիմակիցներիս, «Շախտյորի» բազմահազար երկրպագուներին, ովքեր շատ են օգնել ինձ այս տարիների ընթացքում: Առանց նշածս մարդկանց ես չէի հասնի նրան, ինչին հասել եմ այսօր»: