ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ը Վատիկանից պահանջում է ներկայացնել հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների մանրամասները

ՄԱԿ-ը Վատիկանից պահանջել է ներկայացնել կաթոլիկ հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ իրականացված կանոնավոր սեռական ոտնձգությունների մանրամասները, գրում է The Telegraph-ը։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Երեխաների հարցերով հանձնաժողովը դիմել է մարտին ընտրված Ֆրանցիսկոս պապին՝ իր պաշտոնավարման ընթացքում հոգևորականների կողմից սեռական բռնությունների հարցն իր աչալուրջ հսկողության տակ պահելու խնդրանքով։

Հանձնաժողովը նաև պահանջել է, որպեսզի Վատիկանն իրեն փոխանցի աշխարհի տարբեր երկրներում հոգևորականների, միանձնուհիների կողմից իրականացված մանկական բռնության բոլոր գործերը։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ցանկանում են Վատիկանից սպառիչ պատասխան ստանալ այն մասին, թե արդյո՞ք սեռական ոտնձգությունների համար մեղադրվող հոգևորականներն այժմ շփման մեջ են երեխաների հետ, քանի որ հաճախ այնպես է ստացվում, որ մեղանչած հոգևորականին որպես պատիժ մի ծխից ուղարկում են մեկ ուրիշը, որտեղ ևս երեխաներ կան։

Հանձնաժողովին նաև հետաքրքրում է, թե Վատիկանն ինչ կանխարգելիչ քայլերի է դիմել՝ հետագայում երեխաների նկատմամբ սեռական բռնությունները կանխելու համար։ ՄԱԿ-ը Վատիկանին ժամանակ է տվել մինչև հունվար ամիսը՝ պահանջված ողջ տեղեկությունը հավաքելու համար։ Այնուհետ Ժնևում բաց հանդիպում տեղի կունենա ՄԱԿ-ի հանձնաժողովի ու Վատիկանի պաշտոնյաների միջև, որի շրջանակներում վերջիններս կհարցաքննվեն։

Ցուցադրել ավելի
Back to top button