Քաղաքական

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատարի հետ

Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: 

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր։ Հանձնակատար Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է և վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Հանձնակատար Ֆյուլեն նաև հույս է հայտնել, որ ս.թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:
Հանդիպմանը երկուստեք նշվել է ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման կարևորությունը:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում անդրադարձ է արվել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկումները կշարունակեն այսօր երեկոյան կայանալիք աշխատանքային ընթրիքի ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button