Կինո նկարահանելը տղամարդու գործ է, ասում է կին ռեժիսորը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ֆիլմը նաև իմ մասին է, քանի որ ես էլ եղել եմ երազկոտ աղջկ ու անցել անցումային տարիքի թերությունների ու առավելությունների միջով: Ֆիլմում իմ հիշողություններն են, որոնք այլևս երբեք ետ չես բերի»,- խոսելով իր վերջին՝ «Այդ ես չեմ» ֆիլմի մասին այսօր ասել է երիտասարդ կինոռեժիսոր Մարինա Սահակյանը:
«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնում ֆիլմը ներկայացված է միջազգային խաղարկային մրցույթ-հայկական համայնապատկեր մրցույթ անվանակարգում:
Հիշեցնենք, որ «Հայակ 2013» ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ «Այդ ես չեմ » ֆիլմն արժանացել է մրցանակների «Լավագույն օպերատոր» և «Լավագույն ռեժիսոր» անվանկարգերում։
Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը կարծեք շարունակում է հեղիանակի առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Փարոս»-ի բանաստեղծական մտահղացումը: Պատումի առանցքում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա ապրում է անցումային տարիքի առաջին զգացմունքային ցնցումները:
Տպավորիչ և գեղարվեստակա գույներով ֆիլմը ներկայացնում է աղջկա անձնական աշխարհը, նա ունի անցումային տարիքին բնորոշ մի շարք բարդույթներ ու փրկության լույսը տեսնում է միայն համացանցի և բջջային հեռախոսի տեսապատկերներում:
Աղջկա կյանքը շրջադարձային փոփոխության է ենթարկվում անծանոթ տղամարդու ձեռքով, որն էլ դառնում է թե փրկության , թե ամենամեծ վտանգի խորհրդանիշը: Ռեժիսորի խոսքով` ֆիլմը կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները։
Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականին Երևանում, 1992-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական համալսրանը: 2000-2003 թվականներին մուլտիմեդիա հանրագիտարանի համար նկարահանել է մի շարք կարճամետրաժ աշխատանքներ: Համալսարանն ավարտել է 2003-ին «Հրաժեշտ» դիպլոմային աշխատանքով, որի եվրոպական պրեմիերան կայացել է Ռոտերդամի կինոփառատոնում, իսկ ամերիկյան պրեմիերան՝ Թելյուռայդի միջազգային կինոփառատոնում:
2007-ին երիտասարդ ռեժիսորը նախաձեռնել է «Գյումրի 1946» նախագիծը: Նկարահանել կարճամետրաժ մի շարք ֆիլմեր: 2012-ին նախաձեռնել միանգամից երկու՝ « Անտրոպիա» և «Այդ ես չեմ ֆիլմերը:
«Ոսկե ծիրանին» մասնակցելուց առաջ վերջինը ներկայացվեց մոսկովյան կինոփառատոնում, իսկ ապրիլին Երևանում կայացած «Հայակ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այն հաղթող էր ճանաչվել «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը ներկայացված է նաև «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում: Մարիա Սահակյանը խոստովանում է, որ Ֆիլմն ստեղծման դժվար ճանապարհ է անցել:
«Երբ սկսեցինք աշխատանքը, բյուջեում ընդամենը 10 հազար դոլար ունեինք»,-ասում է ռեժիսորը: Իր նոր մտահաղացումն իրականացնելու համար առնվազն 1 միլիոն 357 հազար եվրո է անհրաժեշտ: Գումարը, ինչպես և նախկինում, արտաքին աղբյուրներից է ակնկալում։
«Դժվար է լինել փափուկ, համեստ, կանացի ու միաժամանակ ֆիլմ նկարահանել»,- ասում Մարիա Սահակյանն ու խոստովանում, որ կինո նկարահանելը տղամարդու գործ է:
Միաժամանակ՝ հավելում է ` կինոյում ինձ չափազանց հարմարավետ եմ զգում: Իսկ երեք երեխաներին ամենից շատ մեկ հարց է հուզում` երբ է ավարտելու այդ չարաբաստիկ գործը։