Հասարակություն

«Իրազեկ և պաշտպանված սպառող»- ն առաջարկում է թանկացումները վերահսկելու նպատակով համախմբվել

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/07/100713sparogh1.mp3

Գազի գնի թանկացման հետևանքով առաջացած գնաճի և դրա դեմ պայքարի մեխանիզմների մասին է այսօր խոսել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նշել է, որ գների թանկացումն այսօր շատ ավելի արդիական է, քան օրինակ` մեկ տարի առաջ: Շատ կարճ ժամանակահատվածում ոչ միայն գազի սակագինը բարձրացավ, այլև՝ դրա հետևանքով՝ երեկվանից արդեն հացամթերքը, և այս շղթան դեռ երկար կշարունակվի, այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա տեղեկացմամբ` գազալցակայաններում գազի գինը թանկացավ նախատեսված 5-10 տոկոսից մի փոքր ավելի և արդեն սկսում է քննարկվել տրանսպորտի գնի թանկացման հարցը։ Արդեն իսկ առավոտյան որոշ տաքսի ծառայւթյուններ սկսել են աշխատել նվազագույնը 1000 դրամ ուղևարձով:
Բաբկեն Պիպոյանը վստահ է, եթե կոնկրետ  քայլեր չձեռնարկվեն, հաջորդ թանկացումը սպառնում է տրանսպորտին: Ահազանգելով այս խնդրի և դրա  հնարավոր հետևանքների մասին՝ նա հանրությանը համախմբման կոչ արեց։
Բաբկեն Պիպոյանը վստահ է, որ պարզապես  բարեխղճությամբ խնդիրը չի կարգավորվի: Ցանկացած խնդրի ամբողջությամբ փաստաթղթային հիմնավորում պետք է տրվի` ներկայացնելով, թե ինչու է ամեն ինչ թանկանում: Այս առումով անդրադառնալով գծատերերի օրինակին` նա նշեց, որ նրանք այսքան տարիներ պետությունից ունեցել են աջակցություն, այն էլ՝ գերշահույթով աշխատելու դեպքում։
Օրենսդրություն, պետական վերահսկողություն և հանրային վերահսկողություն. այս երեքի արդյունքում է ձևավորվում բիզնես միջավայրը և ըստ այդմ` Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ պետք է ձևավորվեն առանձին-առանձին  համապատասխան հանձնաժողովներ, որում պետք է ներկայացուցիչներ լինեն հկ-ներից, պետական եւ  քաղաքական մարմիններից, զլմ-ներից և այլն:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահը վստահ է, որ միայն այս ճանապարհով է հնարավոր մշակել պետական նորմալ ռազմավարություն, որը կբխի սպառողի շահերից։

Back to top button